04.11.2020 06:42

Լավրովը հայտնել է Արցախում 2 հազար զինյալի ներկայության մասին. Մեդիամաքս

Լավրովը հայտնել է Արցախում 2 հազար զինյալի ներկայության մասին. Մեդիամաքս

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված Մերձավոր Արեւելքից զինյալների թիվը մոտենում է 2000-ին, ըստ Մեդիամաքսի` «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեդիամաքս»–ը հրապարակած հատվածները ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին։ 

Ռուսաստանի ջանքերը 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե ամենօրյա ռեժիմով ձեռնարկում է միջնորդական ջանքեր` ուղղված իրավիճակի կարգավորմանը: Նրա նախաձեռնությամբ հոկտեմբերի առաջին տասնօրյակի ավարտին ձեռք էր բերվել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածություն: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող գործընկերների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին, որպեսզի այս պայմանավորվածությունը լիովին գործի: Զուգահեռաբար մենք առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ: Հուսով ենք, որ ի վերջո Բաքվում եւ Երեւանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, ռազմական գործողությունները կդադարեն եւ ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական դաշտ»:

Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը

«Մեզ, իհարկե, մտահոգում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը եւ Մերձավոր Արեւելքից զինյալների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, մոտենում է 2000-ին:

Այս թեման, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը բարձրացրել է հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ,  Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ընթացքում: Մենք համառորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումը տարբեր խողովակներով»:

Հրադադարի վերահսկման միջոցառումներ

«Մենք համոզված ենք, որ կայուն հրադադարի ռեժիմը դժվար է ձեռք բերել առանց արդյունավետ վերահսկման միջոցառումներին վերաբերող համաձայնությունների:

Հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությունում նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու հատուկ պարամետրերը կհամաձայնեցվեն հետագայում: Սա բավականին բարդ աշխատանք է: Այս հարցի լուծման համար կան տարբեր մոտեցումներ. էլեկտրոնային կառավարման միջոցների ներգրավման տարբերակներ, թեժ գիծ Երեւանի եւ Բաքվի միջեւ, ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդներ, ռազմական կոնտինգենտների մասնակցությամբ գործողությունների իրականացում եւ այլն: Առայժմ հնարավոր չի եղել համաձայնեցնել բոլոր պարամետրերը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում: Գլխավորն այն է, որ ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար եւ ենթադրի շուտափույթ տեղակայման հնարավորությունը»:

mediamax.am