14.02.2013 01:50

«Հայոց արծիվները» տոնում են առաջնորդի տարեդարձը. «Ձեր՝ Խաչիկ Ասրյան տեսակը, միշտ առաջնորդում է մեզ»

«Հայոց արծիվները» տոնում են առաջնորդի տարեդարձը. «Ձեր՝  Խաչիկ  Ասրյան  տեսակը,  միշտ  առաջնորդում  է  մեզ»

«Հայոց արծիվներ» ՀԿ նախագահությունը հայտարարություն է տարածել, որով բավականին ուշագրավ ոճով շնորհավորել է այդ ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանի ծնդդյան օրը: Հայտարարությունն առանց մեկնաբանության եւ խմբագրման ներկայացնում ենք ստորեւ. 

«Շնորհավո´ր ծնունդդ, հայրենասե´ր առաջնորդ

Արժանապատի´վ պարոն Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության անդամները, 300 մասնաճյուղերի 30.000-ից ավելի Ձեր հետևորդ արծիվ հայրենասերները խորին հարգանքով և ակնածանքով շնորհավորում են Ձեզ, Ձեր ծննդյան 43-րդ տարեդարձի կապակցությամբ` մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ պետական և հասարակական Ձեր պատասխանատու և լայնածավալ աշխատանքի ոլորտում: Մեզ համար մեծ պատիվ է առնչվել բացառիկ հայրենասիրությամբ տոգորված, պետական ծառայողի բարձր պատասխանատվությամբ օժտված, իր ղեկավարած պետական և հասարակական բնագավառներում նվիրումի ու աշխատանքային կարգապահության նոր մշակույթ հիմնադրած, մեր ժողովրդի բարոյական արժեքները սրբորեն պահպանող խոշոր անհատականության հետ` հանձին Ձեզ:
Ձեր՝ Խաչիկ Ասրյան տեսակը, միշտ առաջնորդում է մեզ՝ որպես ուժի, կամքի, ազնվության, վճռականության, համառության, քաջության վառ օրինակ:
Ձեր անգնահատելի նվիրվածությունը Ձեր ընտանիքի, հայրենիքի, հայոց պետականության հանդեպ օրինակելի մշակույթ է ձևավորում ներկա և եկող սերունդների մեջ՝ հայրենասիրությամբ, հայրենատիրությամբ, ասել է թե ազգային ոգով ապրելու համար:
Հայրենիքը կանգուն է Ձեզ նման նվիրյալ անհատականություններով: Փառք ու պատիվ հայ ժողովրդին, որ Ձեզ նման որդի է ծնել:
Կրկին շնորհավորում ենք Ձեզ, և թող Աստծո օրհնությամբ Ձեր բոլոր ծրագրերը ազգային - պետական – հայրենասիրական դաշտում իրականություն դառնան: Մենք Ձեզ անկեղծորեն գնահատում և հավատում ենք` որպես մեր նվիրյալ առաջնորդի:

Խորին հարգանքով`«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահություն»