05.11.2020 03:12

ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլից հեռացրել է ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղարին

ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլից հեռացրել է ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղարին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես  զրկել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։ Այդ մասին տեղեկացնում է եվրոպական ֆուտբոլային կազմակերպության պաշտոնական կայքը։

UEFA-ն ըստ էության որոշում կկայացնի ավելի ուշ, իսկ մինչ այդ Իբրահիմովը կզրկվի ֆուտբոլային գործունեությունից։

Ավելի վաղ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը սոցցանցերից մեկի իր էջում գրառում էր կատարել, որում կոչ էր արել սպանել բոլոր հայերին անխտիր՝ կանանց, երեխաներին, ծերերին։ Նա նաև արդարացրել էր Թուրքիայի իրականացրած՝ հայերի ցեղասպանությունը։ Իբրահիմովը հեռացրել էր իր գրառումը, սակայն սոցցանցի հարյուրավոր օգտատերեր տեսել և պահպանել էին այն։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝ ընդհուպ նրան հեռացնել եվրագավաթի խաղերից։