05.11.2020 21:25

Ինչու են Եվրոպայում ահաբեկչական գործողություններ կատարվում

Ինչու են Եվրոպայում ահաբեկչական գործողություններ կատարվում

«Եթե դու լավ մուսուլման ես, պիտի վրդովվես»․ վերջին շրջանում Եվրոպան ցնցվում է ահաբեկչական գործողություններից։ Նախ՝ ազգությամբ չեչեն, ռուսաստանցի ահաբեկիչը Փարիզում գլխատեց ուսուցչի, այնուհետև Թունիսից անօրինական ներգաղթյալը Նիսի եկեղեցում սպանեց երեք մարդու, անցյալ շաբաթ Լիոնում ծանր վիրավորվեց ուղղափառ հոգևորականը, իսկ այս երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցան մի շարք հարձակումներ։

Եվրոպայում կատարված հանցագործություններում հաճախ է հանդիպում հյուսիսկովկասյան, մասնավորապես՝ չեչենական հետքը։

«Ահաբեկիչները հարված են հասցնում այնտեղ, որտեղ պատրաստ են։ Ըստ երևույթին՝ այնտեղ ձևավորվել է ինչ-որ ահաբեկչական ենթակառույց, և այն գործի է դրվել։ Գուցե հիմա ինչ-որ ահաբեկչական գործողություն է նախապատրաստվում Պրահայում կամ Բեռլինում։ Եվ դրանից հետո բոլորը կհարցնեն՝ ինչո՞ւ հենց Պրահայում կամ Բեռլինում։ Հե՛նց այնպես։ Որովհետև դա Արևմուտքն է, և վերջ»,- ասում է նախկին դիվանագետ, Carnegie.ru-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բաունովը։

Նրա կարծիքով՝ Վիեննայի ահաբեկությունը նախապես էր ծրագրվել և ի կատար ածվեց այն ժամանակ, երբ «մուսուլմանական աշխարհում նյարդային մթնոլորտ էր ստեղծվել իսլամիստների և Ֆրանսիայի միջև թշնամանքի պատճառով, երբ ավելի շատ ցավակցական վերաբերմունք կարելի էր ակնկալել  Մակրոնի վրա զայրացած մուսուլմանների շրջանում, և կարելի էր ավելի շատ վախեցնել եվրոպացիներին»։

«Իսլամական աշխարհից Եվրոպա ժամանող մարդիկ ապրում են ոչ միայն տվյալ երկրում։ Նրանք ապրում են նաև հատուկ սոցիալական ցանցերում՝ համաեվրոպական և համաշխարհային։ Տեղեկատվության զգալի մասը, արժեքների և կողմնորոշումների մեծ մասը նրանք ստանում են ոչ թե այդ երկրի կյանքից, ուր ժամանել են, այլ համաշխարհային իսլամիազմի գլոբալ ցանցերից,- նշում է քաղաքագիտության դոկտոր Էմիլ Պաինը ։- Ֆունդամենտալիստական բնույթի ահաբեկչական գործողությունների 90 %-ը կատարում են մարդիկ, որոնք եկել են որոշակի տիպի շրջաններից՝ այն շրջաններից, որոնք չունեն քաղաքացիական հասարակության, պառլամենտարիզմի, դեմոկրատիայի ավանդույթներ, այն շրջաններից, որտեղ երկար ժամանակ, ինչպես՝ Հյուսիսային Կովկասում կամ Բալկաններում, քաղաքացիական պատերազմներ և այլ քաղաքական ակցիաներ են տեղի ունեցել զենքի կիրառմամբ, կրոնականության բարձր մակարդակ ունեցող երկրներից։ Չեչենական երկու պատերազմները շատ երիտասարդների համար դարձել են իրենց կյանքի խորհրդանիշը, քանի որ նրանք ուրիշ բան չեն տեսել։ Ըստ էության՝ երիտասարդների այդ սերունդը մեծացել է զենքը ձեռքին, մարդկային կյանքի ամենացածր արժեքի գիտակցությամբ և հրապարակային մահապատիժների շարիաթական կառավարման տեսարաններով։ Դա իսլամիստական քարոզիչների ազատավայր էր»։

Փոխանցում է euronews-ը։