05.11.2020 23:29

Արման Գրիգորյան. Պատերազմը, ի թիվս այլ բաների, ի ցույց է դրել մեր գիտության ու կրթության համակարգերի անադեկվատությունը

Արման Գրիգորյան. Պատերազմը, ի թիվս այլ բաների, ի ցույց է դրել մեր գիտության ու կրթության համակարգերի անադեկվատությունը

Քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի գիտակրթական խնդիրներին.

«Հաճախացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է արմատապես փոխել կրթության նկատմամբ վերաբերմունքը և հատկապես` պետք է զարկ տալ բնական գիտություններին ու բարձր տեխնոլոգիական ինժեներիային։ Բայց նույնիսկ պատերազմից առաջ պարզ էր, որ այդ բնագավառներին պետք էր զարկ տալ, եթե ուզում էինք պատրաստ լինել հաջորդ պատերազմին, ինչպես նաև քիչ թե շատ ժամանակակից երկիր լինելու հույսեր ունենալ։ Խնդիրն այն է, որ և՛ այն ժամանակ, և՛ հիմա խոսում են դրա անհրաժեշտության մասին` առանց հարցնելու, թե այդ ակնհայտ բանն ինչու տեղի չի ունեցել բնականորեն։ Խոսում են երբեմն այն ենթադրությամբ, որ ոմանք չեն հասկանում, թե դա որքան կարևոր է։ Իրականում բոլորն էլ հասկանում են և միշտ էլ հասկացել են։ Հետևաբար, պետք է հարցնել, թե ինչն է խոչընդոտել այդ ցանկության իրականացմանը, և հետևաբար` ինչ է պետք անել այդ խոչընդոտները վերացնելու համար։ Այս գրառմամբ ուզում եմ որոշ նախնական մտքեր հայտնել ի պատասխան այդ հարցերի։

Խոչընդոտներից մեկն անկասկած եղել է այն, որ մենք արդեն բավականին երկար ժամանակ ունենք տնտեսություն, որը նման աշխատուժի կարիք չունի։ Եթե մեր տնտեսությունը պահանջեր, կրթական ու գիտական համակարգը կզգար այդ ճնշումն ու ստիպված կլիներ որոշակիորեն ադապտացվել դրա պահանջներին։ Հիմա ես չեմ ուզում կենտրոնանալ այն հարցի վրա, թե մենք ինչու չունենք այդպիսի տնտեսություն։ Դա առանձին խոսակցության առարկա է։ Այս կապակցությամբ միայն մի բան եմ ուզում ավելացնել. եթե մենք փայլուն կրթական համակարգ ստեղծենք, որը կտա բազում հրաշալի ինժեներներ ու գիտնականներ, դա կարող է իրականում փորձանք դառնալ մեր հասարակության համար, որովհետև այդ մարդիկ, այսինքն մեր երկրի ամենատաղանդավոր մարդիկ` մրցունակ դառնալով միջազգային գիտական ու տեխնոլոգիական աշխատաշուկայում ու աշխատանք չգտնելով Հայաստանում, արտագաղթելու են։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք ունենալ բարձրակարգ գիտատեխնիկական դպրոց, որն այդպիսի փորձանք չի դառնա երկրի համար, պետք է զուգահեռաբար մտածենք այն մոդելի մասին, որի հիման վրա մտադիր ենք կառուցել Հայաստանի տնտեսությունը։ Բայց, ինչպես արդեն ասացի, սա շատ ավելի ծավալուն ու առանձին քննարկման առարկա է։

Հիմա ուզում եմ խոսել խնդիրների մեկ այլ խմբի մասին, որը մեր կրթական ու գիտական համակարգի զարգացումը կաթվածահար անող ինստիտուցիոնալ իրականությունն է, և որն արմատական փոփոխությունների կարիք ունի։ Այդ փոփոխությունների անհրաժեշտությունը նույնպես դժվար տեսանելի չէ։ Հետևաբար, դրանք տեղի չեն ունեցել ոչ թե որովհետև չեն հասկացել, որ բարեփոխումներ են անհրաժեշտ, այլ որովհետև գոյություն ունեցող ստատուս քվոն ամեն գնով պաշտպանել են այդ համակարգն իրենցով արած մարդիկ ու նրանց հետ զանազան գործարքների գնացած մինչհեղափոխական իշխանությունները։ Հեղափոխական իշխանությունն էլ երևի սարսափում էր այն կատաղի դիմադրությունից, որին հանդիպելու էր այդ մարդկանց կողմից, եթե փորձեր բարեփոխել այդ համակարգը։ Հավանաբար դա էր պատճառը, որ երկու տարվա մեջ, կարելի է ասել` ոչ մի լուրջ համակարգային բարեփոխում այս իշխանությունը չի նախաձեռնել։ Իսկ այդ դիմադրությունը պետք է կոտրել ամենայն անգթությամբ որքան էլ այն կատաղի լինի։ Հայաստանը ոչ ժամանակ ունի, ոչ ռեսուրսներ` նման գիտակրթական համակարգի գոյության շարունակությունը հանդուրժելու համար։

Եվ այսպես, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։

Առաջին, Հայաստանի գիտակրթական համակարգում, հատկապես բարձրագույն կրթության բնագավառում գոյություն չունի մրցակցություն։ Նայեք մեր բարձրագույն կրթության հաստատություններին։ Մենք ունենք մասնագիտացված բուհեր, ինչը պարզապես երաշխավորում է մրցակցության բացակայությունը։ Եթե ուզում ես բժիշկ դառնալ կամ բժշկական բուհում դասավանդել, բժշկական ինստիտուտից բացի` գնալու այլ տեղ չունես։ Եթե ուզում ես տնտեսագետ դառնալ, պիտի գնաս տնտեսագիտական համալսարան և այդպես շարունակ։ Այս համակարգը պետք է վերացնել ու փոխարինել մի համակարգով, որտեղ մենք կկոնսոլիդացնենք եղած բուհերը ` ստեղծելով մի չորս-հինգ համալսարան, որոնք բոլորը կունենան մոտավորապես նույն մասնագիտություններն ու միմյանց համար մրցակիցներ կլինեն։ Նրանք ստիպված կլինեն մրցել լավագույն ուսանողների ու դասախոսների համար։ Մրցակցությունը կզրկի բոլոր բուհերին կվազիմոնոպոլիաներ լինելու հաճույքից, կնվազեցնի կաշառակերութունն ու կոռուպցիան բուհերում, կէժանացնի կրթությունը, կստիպի բուհերին ավելորդ բաների վրա ռեսուրսներ չվատնել և այլն։ Մրցակցությունն ընդհանրապես շատ լավ բան է, իսկ գիտության ու կրթության բնագավառում` օդի պես անհրաժեշտ։

Երկրորդ, մեր դասախոսներն ու գիտաշխատողները չափից դուրս պաշտպանված են, պահանջներն էլ նրանց նկատմամբ` չափազանց համեստ։ Ես հայաստանյան բուհերի դասախոսներ գիտեմ, որոնք կյանքում գոնե մի գիտական աշխատություն չեն հրատարակել, բայց շատ հանգիստ նստած են իրենց տեղերում։ Նրանց պաշտոնավարելու հեռանկարն իրականում կախված չէ ոչնչից, բացի վերևներին ցուցաբերած լոյալությունից։ Եթե նրանք արդեն հայտնվել են այդ պաշտոնում, ուրեմն այդտեղ էլ կմնան մինչև թոշակի գնալը, եթե նույնիսկ շարունակեն ոչինչ չհրատարակել և եթե նույնիսկ վատ մանկավարժներ են։ Ակնհայտորեն այս համակարգը ևս երաշխավորում է ցածր որակ ու մինիմալ ջանքեր։

Իսկ ի՞նչն է սրա այլընտրանքը։ Ամերիկյան համալսարաններում, օրինակ, գործում է ցմահ պաշտոնավարության (tenure) համակարգը, ինչը տրվում է 6-8 տարվա փորձարարական շրջանից հետո։ Այդ շրջանում դասախոսը պետք է ապացուցի, որ նա արժանավոր գիտնական ու մանկավարժ է։ Նա պարտավոր է սահմանված քանակությամբ կույր ռեցենզիայի ենթարկված հոդվածներ կամ գիրք հրատարակել։ Որոշակիացվում են նաև պարբերականներն ու հրատարակչությունները, որտեղ պետք է դրանք հրատարակել, այլապես դրանք հաշվի չեն առնվում։ Գոյություն ունեն նաև դասախոսների մանկավարժական գործուներության որակը գնահատելու մեխանիզմներ, ինչն արվում է ամեն տարի։ Միայն այդ փորձաշրջանից հետո է տրվում ցմահ պաշտոնավարության իրավունքը, երբ գիտնականն ապացուցում է, որ գիտությանը բաներ է տվել ու դեռ տալու բան ունի, և որ դա իր տարերքն է։ Ցմահ պաշտոնավարության անձեռնմխելիությունն էլ համարվում է անհրաժեշտ, որպեսզի գիտնականը դա ունենալուց հետո ազատ լինի ասելու բաներ, որոնք կարող են մարտահրավեր համարվել զանազան ուղղափառ գաղափարների ու տեսակետների դեմ։ Ցմահ պաշտոնավարման իրավունքը նաև նշանակում է, որ գիտնականը չունի վերադաս ու այդ վերադասին հաճոյանալու անհրաժեշտություն։ Նման մի համակարգ պետք է ներդնել Հայաստանում։ Այլապես ոչ ոք լավ աշխատելու ու ստեղծագործելու մոտիվ չունի։ Կարիերայի առաջընթացն էլ կախված է ամեն ինչից, բացի գիտնականի տված արտադրանքից։

Երրորդ, պետք է խստացնել ու որոշակիացնել ստանդարտները գոնե որոշ բնագավառներում։ Դրա ակնարկը կար արդեն նախորդ կետում, բայց կարիք կա դա առանձին շեշտելու և մի երկու շեշտադրում ավելացնելու։ Համալսարանական պրոֆեսուրան ոչ միայն պետք է պարտավորված լինի հրատարակել, այլ այդ հրատարակությունները պետք է լույս տեսնեն որոշակի կշիռ ունեցող հարթակներում։ Որևէ թերթում կամ լրատվական կայքում հրատարակված հրապարակախոսական կամ գիտահանրամատչելի հոդվածները որևէ բան չպետք է նշանակեն։ Միայն ակադեմիական պարբերականներում կույր ռեցենզիայի ենթարկված հոդվածները և որոշակի հեղինակություն ունեցող հրատարակչությունների կողմից հրատարակված գրքերը պետք է կշիռ ունենան։ Ես կարծում եմ նաև, որ Հայաստանում գոնե որոշ մասնագիտությունների դեպքում պահանջվող պարբերականների ու հրատարակչությունների ընդունելի ցանկը պետք է ներառի արտասահմանյան պարբերականներ ու հրատարակչություններ։ Ստանդարտ պահանջներից մեկը պաշտոնը պահելու կամ առաջխաղացման համար պետք է լինի նաև ցիտվածությունն ու ազդեցիկության այլ չափորոշիչները։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանում լրջագույն պայքար պետք է ծավալել գրագողության շատ մեծ տարածում ունեցող ու մի տեսակ նորմալացած պրակտիկայի դեմ։ Բարեփոխված գիտակրթական համակարգում այդ զանցանքը պետք է ավտոմատ կերպով պատժվի պաշտոնից հեռացումով։ ԱՄՆ-ի համալսարաներում, օրինակ, դա այն փոքրաթիվ զանցանքներից է, որից ցմահ պաշտոնավարության իրավունքը չի պաշտպանում։

Չորրորդ, պետք է վերացնել բարձրագույն կրթության ու գիտության տարանջատումը։ Գիտությամբ պետք է զբաղվեն համալսարաննում։ Իսկ գիտնականները պետք է զբաղվեն դասախոսական աշխատանքով։ Այսինքն, ոչ միայն պետք է բուհերը վերակազմավորել զուգահեռ մասնագիտացումներ ունեցող համալսարանների, այլ նաև պետք է լուծարել գիտությունների ակադեմիան և դրա ռեսուրսները տարրալուծել նոր ստեղծվելիք համալսարաններում։

Հինգերորդ, սա մի քիչ դժվար է անել հստակ սահմանված կանոնակարգի միջոցով, բայց պետք է հասնել այն բանին, որ հատկապես որոշ մասնագիտությունների ֆակուլտետներում ու ամբիոններում ներկայացված լինեն տվյալ բնագավառում առկա տարբերությունները, որպեսզի կանխվի այս կամ այն տեսության` ուղղափառ դոգմայի վերածվելու վտանգը։ Խոսքս չի վերաբերում նրան, որ կենսաբանության ֆակուլտետներում դասախոսներ հանդուրժվեն, որոնք մերժում են Դարվինի տեսությունը։ Բայց եթե պատմության ֆակուլտետում միայն հայդատականներ են, դա պետք է անհնար դարձնել։ Եթե միջազգային հարաբերությունների ֆակուլտետում միայն կոնստրուկտիվիստներ են, դա պետք է անհնար դարձնել և այլն։ Սա բարդ է, իհարկե, քանի որ կան օրինակարգ ու ոչ օրինակարգ տարակարծություններ, ինչպես վերն ասվածից արդեն բխում է, և երբեմն դժվար է որոշելը, թե որտեղ է այդ սահմանը։ Օրինակ` պարզ է, որ աստղագիտության ամբիոնում չպետք է լինեն «հորոսկոպի մասնագետներ», բայց պե՞տք է արդյոք նույն աստղագիտության ամբիոններում հանդուրժել մասնագետների, որոնք էմպիրիկ տեստերի ոչ ենթակա տեսություններ են հղանում բազմաթիվ տիեզերքների գոյության մասին։ Սրա պատասխանն այնքան էլ ակնհայտ չէ։ Բայց որպես սկզբունք տեսական բազմազանության պահանջը պետք է ամպայման ներառել որևէ բարեփոխման ծրագրում։

Ինչ վերաբերում է տարրական ու միջնակարգ կրթությանը, հիմա դրա մասին շատ բան չեմ ուզում ասել առանց այդ էլ չափազանց երկար այս գրառման մեջ, բայց մի երկու բան անպայման ուզում եմ շեշտել։ Նախ պետք է մեկընդմիշտ դադարենք էրուդիցիան գիտելիք համարել, հատկապես գուգլի դարում։ Տարրական դպրոցներում երեխաներին պետք է ոչ թե ստիպել, որ սերտեն, այլ պետք է ստիպել որ մտածել սովորեն ու խնդիրներ լուծեն։ Ասածս ոչ միայն մաթեմատիկական խնդիրներին է վերաբերում։ Երկրորդ, պետք է հրաժարվել հանրակրթական դպրոցին որպես հայրենասիրության դարբնոցի վերաբերվելու արատավոր պրակտիկայից։ Նախ` դա մարդկանց ճշմարիտ հայրենասեր դարձնելու փոխարեն սովորաբար դարձնում է ձանձրալի շովինիստներ, եթե ինչ-որ էֆեկտ ունենում է։ Երկրորդ` «հայրենասիրական առարկաների» փոխարեն կարելի է մի երկու ավել ռոբոտաշինության դասընթաց ունենալ կամ այդ ժամանակն անցկացնել քիմիայի լաբորատորիայում։ Ավելացնեմ նաև, որ պետք է հրաժարվել դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդելու պիժոնությունից։

Վերջում չեմ կարող չանդրադառնալ ևս մեկ խնդրի։ Կարծեմ վերջերս իմ լավ բարեկամԱրմեն Մարտիրոսյանն էր կարծիք հայտնել, որ պետք է փոխել մեր մշակույթն այնպես, որ բնագիտական ու ինժեներական մասնագիտությունները շատ ավելի հեղինակավոր դառնան։ Ես, մեծ հաշվով, համաձայն եմ դրան. միայն մի նկատառում եմ ուզում ավելացնել։ Ես կարծում եմ, որ մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն է լավ հասարակագետներ ունենալը նույնպես։ Բազմաթիվ սխալներ ու փորձանքներ, որոնց բախվել է մեր երկիրը` նաև հետևանք են այն բանի, որ մեր երկրում հասարակագիտություն կոչվածը պարզապես սարսափելի վիճակում է։ Ես հարցին կմոտենայի որպես ավանդական պոզիտիվիստ. կապ չունի ուսումնասիրության առարկան ինչ է, կապ ունի, թե այն ինչպես է ուսումնասիրվում։ Հետևաբար, մենք ոչ թե պետք է գրողի ծոցն ուղարկենք հասարակագիտությունը, այլ այնպես անենք, որ այն իսկապես գիտություն կոչվելու իրավունք ունենա։ Օրինակ, կարելի է մեթոդաբանական որոշ առարկաներ, ասենք` վիճակագրությունը կամ որոշումների մաթեմատիկական մոդելավորումը (խաղերի տեսություն) պարտադիր դարձնել հասարակագիտական բոլոր առարկաների ուսումնական ծրագրերում։

Վստահ եմ, ավելացնելու, լրացնելու, վիճելու շատ բան կա։ Բայց առայժմ բավարարվեմ այսքանով ու այն հույսով, որ իմ առաջարկներն այս խնդրով մտահոգված մարդկանց շրջանում բանավեճ կխթանեն»։