Զախարովա․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ

Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և իրադրությունը տարածաշրջանում իրապես տանել լիցքաթափման։
Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կողմերին կոչ ենք անում ծայրաստիճան զսպվածություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն։ Անհրաժեշտ է գործնականում գնալ կրակի դադարեցման, լարվածության լիցքաթափման և բանակցությունների վերսկսման՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է, որ նոյեմբերի 1-2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիքներ է փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հարցը շոշափվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և փոխնախարարի զրույցներում արտասահմանյան գործընկերների հետ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված դրամատիկ իրավիճակից շուտափույթ կերպով դուրս գալու հերթական փորձը միջազգային հանրության կողմից Ժնևում հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,- նշել է Զախարովան։
Զախարովան նաեւ հավելել է․ «Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են: Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»:
Փոխանցում է tass.ru-ն։