06.11.2020 04:40

Կոսովոյի նախագահը հրաժարական է տվել ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվելու պատճառով

Կոսովոյի նախագահը հրաժարական է տվել ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվելու պատճառով

Մասնակի ճանաչված Կոսովոյի հանրապետության նախագահ Հաշիմ Տաչին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Հաագայի Հատուկ դատարանը հաստատել է 1998-2000 թթ․ ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքները նրա դեմ։ Տաչին հայտարարել է, որ գնում է այդ քայլին, որպեսզի «պահպանի Կոսովոյի նախագահական ինստիտուտի ամբողջականությունը», և խոստացել է ինքնակամ մեկնել Հաագա։ Իր հայտարարությունից հետո նա հանձնվել է ԵՄ  օրենքի գերակայության ոլորտում Առաքելության աշխատակիցներին։

«Ես արդեն խոստացել եմ, որ Կոսովոյի նախագահը չի կանգնի դատարանի առաջ։ Ուստի Կոսովոյի նախագահական ինստիտուտի ամբողջականությունը, Կոսովոյի պետականությունը, Կոսովոյի քաղաքացիներին պահպանելու համար, միջազգահին հանրության հետ համագործակցությունը պահպանելու համար ես լքում եմ նախագահի պաշտոնը,- հայտարարել է Հաշիմ Տաչին, ապա ավելացրել։- Նոր պայմաններում բոլոր քաղաքական ուժերին միասնության կոչ եմ անում, որպեսզի ինստիտուցիոնալ ճգնաժամ չծագի»։

Հաստատվել են նաև խորհրդարանի նախկին խոսնակ Կադրի Վեսելիին ներկայացված մեղադրանքները։ Հատուկ դատախազության տվյալներով՝ Կոսովոյի Ազատագրական բանակի նախկին գրոհայիններ Տաչին, Վեսելին և էլի մի շարք կասկածյալներ պատասխանատվություն են կրում գրեթե 100 հոգու, այդ թվում՝ կոսովցի ալբանացիների, սերբերի և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների, ներառյալ՝ քաղաական հակառակորդների սպանության համար։

Հաշիմ Տաչին Կոսովոյի Ազատագրական բանակի հիմնադիրն է, նա նախագահ է դարձել 2016 թ․։

Փոխանցում է euronews-ը։