07.09.2012 01:12

ԵՊՀ եւ ԿԵՀ շրջանավարտներն անհանգստացած են ԵՊՀ ղեկավարության որոշմամբ

ԵՊՀ եւ ԿԵՀ շրջանավարտներն անհանգստացած են ԵՊՀ ղեկավարության որոշմամբ

ԵՊՀ եւ Հայաստանի կենտրոնական Եվրոպական համալսարանի (ԿԵՀ), շրջանավարտները այսօր` սեպտեմբերի 6-ին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց խորին ափսոսանքն ու անհանգստությունն են հայտնել Երեւանի պետական համալսարանի հայտարարության վերաբերյալ, որով վերջինս հրաժարվել է հյուրընկալել եւ մասնակցել Կենտրոնական եվրոպական համալսարանի Արեւելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի «Կովկասը եւ Բյուզանդիան ուշ հնադարից մինչեւ միջնադար» ծրագրի տարեկան միջազգային գիտաժողովին:

"Տեղակայված լինելով Բուդապեշտում, (Հունգարիա), Կենտրոնական եվրոպական համալսարանը հավատարմագրված է թե ԱՄՆ-ում, թե Եվրամիությունում եւ հանդիսանում է միջազգային համալսարան, եւ ոչ հուգարական: Ավելին, գիտաժողովը պլանավորվում է անցկացնել Երեւանում, ոչ թե Բուդապեշտում:

Հասկանալով եւ կիսելով հանդերձ մեր հայրենակիցների զգացմունքները, կապված Հունգարիայի կառավարության անթույլատրելի որոշման հետ, մենք չենք կարծում, թե միջազգային ակադեմիական եւ մշակութային hարթակներից դուրս մնալը ամրապնդում է մեր դիրքորոշումը կամ նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ավելին, մենք գտնում ենք, որ անկախ ապագա քաղաքական և դիվանագիտական պարզաբանումներից միջազգային ակադեմիական և մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը չպետք է վտանգվի»,- ասված է հայտարարության մեջ, որը iLur.am-ի խմբագրությունը ստացել է շրջանավարտներից:

Շրջանավարտները նաեւ նշել են, որ հաշվի առնելով վերոգրյալը` իրենք դիմում են Երեւանի պետական համալսարանին` խնդրելով վերանայել խնդրո առարկա որոշումը եւ մասնակցել գիտաժողովին:

«Մեր համոզված ենք, որ այս իրադրությունում ակադեմիական համայնքները կարող են օգնել հաղթահարելու այս բարդ շրջանը, եւ որ համագործակցությունը երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ պետք է ամրապնդվի եւ խորանա»,- ասված է հայտարարության մեջ: