09.11.2020 14:49

ԱՆ նախարար. Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որ հանկարծ որևէ խափանում չլինի

ԱՆ նախարար. Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որ հանկարծ որևէ խափանում չլինի

Կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, «Ազատության» հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ բուժում ստացող 40 հազար 569 կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 897-ն ծանր, 188-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում են, 73-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք:

Նախարարն ընդգծել է, որ արհեստական շնչառության սարքի պակաս Հայաստանը չունի, սակայն այս պահին թթվածնի դեֆիցիտ կա։

«Հիմա համաշխարհային դեֆիցիտ կա, և գիտեք, որ թթվածինն արտադրվում ու սպառվում է, հնարավոր չի երկար տեղափոխել կամ ներկրել։ Մեր երկրի թթվածնային հզորություններն աշխատում են, այսպես ասած, սահմանի վրա, ռուսերեն՝ на пределе: Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի հանկարծ որևէ խափանում չլինի, նաև փորձում ենք նոր հզորություններ ձեռք բերել», - ասել է Թորոսյանը։

Նաև հավելել է, որ Հայաստանը թթվածնի 4 մեծ կայան է ձեռք բերել, 500 հատ էլ` թթվածնային խտացուցիչ։

Առողջապահական գերատեսչության ղեկավարը, ըստ «Ազատության», հայտնել, որ մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կրկնավարակի 343 դեպք։

Հարցին, թե հնարավո՞ր է դա ոչ լիարժեք բուժման հետևանք լինի, նախարարը պատասխանել է, որ հավանականությունը շատ փոքր է։ «Դրանք եղել են դրական, հետո` բացասական, հետո մեկ ամիս ինտերվալ առնվազն, հետո նոր` դրական», - եզրափակել է Թորոսյանը, հաղորդում է «Ազատությունը»։