13.11.2020 23:15

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր

Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն էր

Ամեն տարի` թեկուզ մի քանի տող գրել եմ Վանոյի տարեդարձի առթիվ։

Առավոտից մտքիս է, որ գեթ հեռվից շնորհավորեմ հազար տարվա ընկերոջս, տաղանդավոր արձակագրին, Հայաստանի անկախության գործում շոշափելի հետք թողած պետական այրին։

...Չեմ կարողանում։

Ի՞նչ ասեմ։

Ասեմ` Վանո ջան, շահած–պահած Արցախը շանուգիլի փա՞յ դարձրին։

Ասեմ` Վանոոոո, արի մեզ փրկիր։

Բայց ես այս բոլոր տարիներին, երբ Վանոն հեռու էր, երբեք էն մարդկանց շարքում չեմ եղել, որ Վանոյի վերադարձի մեջ «փրկիչ» էին տեսնում։

Ես ուզում էի, երազում էի, որ Վանոն կգա` կգնա Կոթի, իր սիրելի մոր շիրմին կայցելի, ճանապարհին մի աղբյուրի մոտ կնստի` հաց ու պանիր կուտի, խոտուծաղկից հոտ կքաշի, խաշամի վրայով կքայլի, այբուբենի տառերի պես անգիր սերտած ամեն ծառութփի մոտ կկանգնի, աչքերը կփակի, գուցեեւ բոլորիցս թաքուն կարտասվի, հետո կգնա իր հայրական տանը կքնի, առավոտը կարթնանա ու կասի` ի՛նչ եք կուչ եկել, թափ տվեք ձեզ։

Մնացածը չգիտեմ, պատկերացում չունեմ, թե ինչ կանի Վանոն, որ գա։

Արդեն չգիտեմ էլ` կգրի, թե էլ երբեք չի գրի։

Վանոն հասկանում է, որ ես հիմա լալկված–շվարած–քամված եմ, եւ գիտի, որ հենց այստեղ պետք է վերջակետ դնեմ։

Լիզա Ճաղարյան

Լուսանկարը Գերման Ավագյանի