14.11.2020 13:21

Նոր ստատուս քվո Ղարաբաղում․ Վրաստանի դիրքորոշումը

Նոր ստատուս քվո Ղարաբաղում․ Վրաստանի դիրքորոշումը

Պաշտոնական Թբիլիսին հուսով է, որ ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում կնպաստի հակամարտության լիարժեք կարգավորմանը։

Սակայն շատ փորձագետներ Վրաստանում այն կարծիքի են, որ այդ համաձայնագիրը ոչ միայն շատ հարցերի տեղիք է տալիս, այլև Թբիլիսիի համար նոր խնդիրներ է ստեղծում՝ ուժեղացնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։

Ըստ BBC-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի 44-օրյա դիմակայության ընթացքում Վրաստանը չեզոքություն է պահպանել։ Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Թբիլիսին ժամանակավորապես կասեցրել է ռազմական բեռների փոխադրումն իր տարածքով թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան, գրում է BBC-ն։

Համաձայնագրի ստորագրումից հետո Թբիլիսին 2008 թ․ ռուս-վրացական պատերազմից հետո առաջին անգամ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների համար բացել է իր օդային տարածքը՝ ռուս խաղաղապահներին տեղափոխելու համար։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրին առաջինն արձագանքողներից մեկը եղել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին պատերազմի ավարտի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել բոլոր միջնորդներին։

«Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն։ Մենք միասին նոր էջից կսկսենք համագործակցել»,- Twitter-ում գրել է Վրաստանի նախագահը։

Վրաց նախագահի գրառումը բուռն զայրույթ է առաջացրել սոցցանցերում։ Հայ օգտատերերը Վրաստանին նույնպիսի «խաղաղություն և կայունություն» են մաղթել։

«Ընդամենը 12 տարի պահանջվեց, որպեսզի գա այն օրը, երբ Վրաստանի նախագահը անուղղակիորեն շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին։ Ձեզնից ոչինչ չի պահանջվում, տիկին նախագահ, բացի նրանից, որ դուք այդպիսի ամոթալի հայտարարություններ չանեք, բայց դուք, այնուամենայնիվ, անում եք»,-գրել է նրանցից մեկը։

Սալոմե Զուրաբիշվիլիի գրառումը վրդովել է նաև իր հայրենակիցներից շատերին։ Վրաստանի նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով նախկին խորհրդական Թենգիզ Պխալաձեն կոչ է արել վերստուգել Զուրաբիշվիլիի հայտարարությունները, որոնք նա անում է երկրի անունից։

 Տարակուսանք է հայտնել  նաև Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին։

«Ինչպե՞ս կարող է Վրաստանի նախագահը շնորհավորել մի համաձայնագիր, որը Կովկասում ևս մի ռուսաստանյան օկուպացիա է հաստատում և արգելափակում է Արևմուտքը»,- գրել է Քելլին։

Փոխանցում է BBC-ն։