Էստոնիան մտադիր է գլխավորել ԵԱՀԿ-ն

Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալի առաջարկին՝ նախապատրաստվել պետության թեկնածությունն առաջարկելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը նախագահելու դերակատարմանը։
«Էստոնիայի լիազորությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավարտվում են 2021 թ․ դեկտեմբերին։ Դեպի ապագա նայելով՝ Էստոնիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում ձեռք բերված փորձառությունը կիրառելու, Էստոնիայի արտաքին քաղաքականությունն ընդլայնելու և միջազգային դիվանագիտության ասպարեզում նոր պատասխանատու դեր ստանձնելու տրամաբանական քայլ է»,- ասել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը։
«Էստոնիայի շահերից են բխում անվտանգության ոլորտում համաձայնեցված սկզբունքների և կանոնների, ինչպես նաև մարդու իրավունքների և դեմոկրատիայի պահպանումն ու ամրապնդումը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրովի անդամակցությունը մեր դիվանագիտական ծառայությանը իրազեկվածության բարձր մակարդակ կընձեռի բանակցություններ և դիվանագիտական գործընթացներ վարելու հարցում»,- հավելել է նախարարը։
Այժմ ԵԱՀԿ-ում նախագահում է Ալբանիան։ 2021 թ․ կազմակերպությունը գլխավորելու է Շվեդիան, 2022-ին՝ Լեհաստանը։ Նախագահության վերաբերյալ որոշումը կայացվում է ԵԱՀԿ մասնակից պետությունների փոխհամաձայնությամբ։
ԵԱՀԿ-ի կազմում 57 պետություն կա, կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Վիեննայում։
Էստոնիան ԵԱՀԿ անդամ է դարձել 1991 թ․, նա դեռ չի նախագահել այդ կառույցում։
Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 1992 թվականի հունվարի 30-ից։
Փոխանցում է Interfax-ը։