16.11.2020 13:33

Օբամա․ Ամերիկյան հասարակությունը չափազանց բևեռացված է

Օբամա․ Ամերիկյան հասարակությունը չափազանց բևեռացված է

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման  Սպիտակ տունը լքելուց հետո չափազանց հազվադեպ է մեկնաբանում ամերիկյան քաղաքականությունը։ Բայց երեքշաբթի լույս է տեսնելու նրա «Ավետյաց երկիր» քաղաքական ինքնակենսագրության առաջին հատորը, և այդ առթիվ նա մի քանի բացառիկ հարցազրույց է տվել։

BBC-ի հետ զրույցի ընթացքում Օբաման ասել է, որ իր կարծիքով՝ ամերիկյան հասարակությունը այժմ շատ ավելի բևեռացված է, քան երբ ինքը 2008 թ․ ընտրվեց նախագահի պաշտոնում։ Պատճառների շարքում նա նշել է աջ մեդիան և այդ մեդիայի լսարանին ներկայացվող աշխարհի աղճատված պատկերը։
«Միլիոնավոր մարդիկ հավատում են, թե Բայդենը սոցիալիստ է, հավատում են, թե Հիլարի Քլինթոնը մասնակցել է չարագուշակ դավադրությանը՝ կապված մանկապիղծների հրոսակախմբերի հետ»,- ասել է Օբաման։

Խոսքը այն դավադրական տեսության մասին է, որը տարածվել էր 2016 թ․–ին։ Դրա համաձայն՝ բարձրաստիճան դեմոկրատ քաղաքական գործիչները Վաշինգտոնի պիցցայանոցն օգտագործել են որպես ծածկ՝ անչափահասների սեռական շահագործման նպատակով։ Չնայած որևէ ապացույցի բացակայությանը՝ այդ տեսությունը մեծ տարածում էր գտել սոցցանցերում։

Հարցազրույցում Օբաման անդրադարձել է նաև ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում տնտեսական անհավասարության աճին, քաղաքական պոպուլիզի հետ դրա առնչությանը և ռասիզմի խնդրին Ամերիկայում։

Փոխանցում է BBC-ն։