17.11.2020 11:14

ԱՄՆ-ը և Ֆրանսիան պարզաբանումներ են ակնկալում Ղարաբաղում Թուրքիայի դերակատարության վերաբերյալ

ԱՄՆ-ը և Ֆրանսիան պարզաբանումներ են ակնկալում Ղարաբաղում Թուրքիայի դերակատարության վերաբերյալ

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ռուսաստանից պահանջում են հնարավորինս ավելի շատ պարզաբանել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման պայմանները, ինչպես նաև Թուրքիայի դերակատարումն այդ պայմանավորվածություններում։

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել են պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Զրույցի սղագրությությունը տարածել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Հարց է հնչել Փարիզում պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի միջև բանակցությունների թեմաների մասին։ «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահներ՝ նրանք (Ֆրանսիան) նույն կարծիքի են, ինչ մենք․ մենք նախկինի պես հավատարիմ ենք Մինսկի խմբի խաղաղ գործընթացներում համանախագահության մեր դերակատարմանը»,- ասել են ամերիկյան դիվանագետները։

Նրանց խոսքով՝ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները «ճանաչել են Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները, որոնք հանգեցրել են կրակի դադարեցմանը, ինչը, փաստացիորեն, շարունակվում է արդեն մեկ շաբաթ, բայց նաև ընդունել են, որ դեռ շատ հարցեր են մնում, որոնք պարզաբանման կարիք ունեն այդ համաձայնագրի չափորոշիչների վերաբերյալ, այդ թվում՝ Թուրքիայի դերի մասին և այլն, որպեսզի ավելի շատ տեղեկություններ լինեն (իրավիճակի կապակցությամբ)»:

«Նրանք երկուսն էլ նշել են, որ Ռուսաստանը համանախագահներին հրավիրել է Մոսկվա՝ ավելի շատ պարզություն մտցնելու համար, և դուք, հավանաբար, տեսել եք նորություններով, որ համանախագահների միջև հեռախոսային բանակցություններ են ընթացել»,-նշել են ամերիկացի դիվանագետները։ Նրանց տվյալներով՝ Լը Դրիանը Փոմփեոյին պատմել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր զրույցի մասին։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են նաև Թուրքիայի շուրջ իրավիճակը։ «Մենք որոշ անհանգստություններ ունենք, որոշ տարաձայնություններ կան Թուրքիայի հետ․․․ կապված Արևելյան Միջերկրականի, Լիբիայի, Սիրիայի տարածաշրջանների և այլ ոլորտների հետ»,- հավելել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Երկուշաբթի Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում Փոմփեոն հայտարարել է, որ Մինսկի խումբը պետք է ծառայի որպես Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանն ուղղված գործողությունների շրջանակ։ Ընդ որում՝ նա հատուկ ընդգծել է, որ ԱՄՆ-ը «անհանգստացած է Թուրքիայի ռազմական կարողությունների աճի կապակցությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։