17.11.2020 11:20

Թուրքիա այցի ընթացքում Փոմփեոն չի հանդիպի Էրդողանի հետ

Թուրքիա այցի ընթացքում Փոմփեոն չի հանդիպի Էրդողանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում չի կարող հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ թուրք առաջնորդի աշխատանքային ժամանակացույցում փոփոխությունների պատճառով։ Այդ մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում լրագրողներին տեղեկացրել են պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչները։

Նրանց խնդրել են մեկնաբանել Էրդողանի և Փոմփեոյի հնարավոր հանդիպումը։

«Մենք բոլորս՝ պետքարտուղարը, թուրք պաշտոնատար անձինք, արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և, կարծում եմ, նաև նախագահ Էրդողանը, կցանկանայինք, որ (հանդիպման մասին պայմանավորվածությունները) կատարվեին։ Սակայն, ի վերջո, դա տեղի չի ունեցել, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոխվել է, այն այլևս չի համապատասխանել այն չափորոշիչներին, որ մենք նախապես մշակել էինք պետքարտուղարի այցի համար,- պարզաբանել են պետքարտուղարությունում։- Մի պահ թվում էր, թե դա, հնարավոր է, կայանա, բայց հետո Թուրքիան մեզ ասաց, որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը ինքնին փոխվել է։ Եվ ես դա ինչ-որ քաղաքական ազդանշան չեմ համարում։ Դա ընդամենը պետքարտուղարի տեսակետից և նախագահ Էրդողանի ու նրա այցերի տեսակետից ժամանակացույցների հարց էր»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։ Ապա հավելել է․ «Ես չեմ հավատում, որ թուրքական կառավարությունը ․․․ դժգոհ է այն բանից, ինչը, ի վերջո,  ծրագրման  հարց էր։ ․․․Մենք պետք է Անկարայի հետ աշխատենք այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ տարաձայնություններ ունենք, և որոնք, մեր կարծիքով, կարևոր են մեզ և ուրիշների համար»։

Դիվանագետները հիշեցրել են, որ «Ստամբուլում Փոմփեոն թուրք պաշտոնյաների հետ որևէ հանդիպում չի ունենա»։

Ավելի վաղ պետքարտուղարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Փոմփեոն նոյեմբերի 13-ից 23-ը յոթ երկրներ այցերի շրջանակներում կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և Սաուդյան Արաբիա։

Փոխանցում է tass.ru-ն։