20.11.2020 10:38

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Մուսուլմանական հավատի ֆրանսիական խորհրդին (CFCM) առաջարկել է 15-օրյա ժամկետում,  իսլամական ծայրահեղականությունը կառավարական շրջանակներում սանձելու նպատակով, հանրապետական արժեքների՝ հատուկ պատրաստված խարտիա ընդունել՝ ներառյալ պետությունից և դպրոցից կրոնի խստագույն տարանջատումը։

Ֆրանսիայի մուսուլմանական առաջնորդները համաձայնել են ստեղծել Իմամների ազգային խորհուրդ, որի անդամները հատուկ հավատարմագրեր կստանան քարոզչական գործունեություն ծավալելու համար։ Պայմանները խախտելու դեպքում այդ հավատարմագրերը կարող են ետ կանչվել։

Խարտիայում ասվում է, որ իսլամը կրոն է, այլ ոչ թե քաղաքական շարժում։ Փաստաթղթում նաև նշվում է, որ արգելվում է ցանկացած օտարերկրյա միջամտություն մուսուլմանական համայնքների գործունեությանը։

Չորեքաբթի երեկոյան նախագահ Մակրոնը և ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հանդիպել են CFCM-ի ութ առաջնորդների հետ։

«Երկու սկզբունք գրված կլինեն սևով սպիտակի վրա (խարտիայում)․ հրաժարում քաղաքականացված իսլամից և որևէ օտարերկրյա միջամտությունից»,- հանդիպումից հետո կառավարական աղբյուրներից մեկը հայտնել է Le Parisien թերթին։

Նախագահ Մակրոնը նաև հայտարարել է պայքարի նոր միջոցառումներն այն բանի դեմ, ինչը նա անվանում է իսլամական անջատականություն Ֆրանսիայում։ Դրանք մասնավորապես, նախատեսում են՝ տան պայմաններում ուսուցման սահմանափակում․ յուրաքանչյուր երեխայի կտրվի անհատականացնող համար՝ համոզվելու, որ նա հաճախում է դպրոց։ Տան պայմաններում ուսուցումը, որն այժմ թույլատրվում է Ֆրանսիայում, կարգելվի եկող ուսումնական տարվանից։ Խախտման դեպքում ծնողներին պատիժ է սպառնում՝ ընդհուպ մինչև վեց ամսվա կալանք և խոշոր տուգանքներ։

«Մենք պետք է մեր երեխաներին պաշտպանենք իսլամիստների ճնշումներից»,- նշել է ՆԳ նախարարը։

Օրինագիծը կառավարությունում կքննարկվի դեկտեմբերի 9-ին։

Փոխանցում է BBC-ն։