20.11.2020 13:49

CNN․ Թրամփը չի ճանաչում Բայդենի հաղթանակը դեմոկրատներից վրեժ լուծելու նպատակով

CNN․ Թրամփը  չի ճանաչում Բայդենի հաղթանակը դեմոկրատներից վրեժ լուծելու նպատակով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգձգում է իշխանության փոխանցումը և փորձում է կասկածներ սերմանել 2020 թ․ ընտրությունների արդյունքերի նկատմամբ, որպեսզի վրեժ լուծի դեմոկրատներից, որ նրանք 2016 թ․ ընտրությունները ոչ օրինակարգ էին հայտարարում և նախաձեռնել էին, այսպես կոչված՝ ռուսաստանյան հետաքննությունը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով գործող նախագահին մոտ կանգնած աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունը Բայդենին չզիջելու Թրամփի քայլը մասամբ բխում է նրա դժգոհությունից, որ Հիլարի Քլինթոնը և նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել են, թե Ռուսաստանը միջամտել է 2016 թ․ ընտրություններին և կարող էր ազդել դրա արդյունքների վրա։

Աղբյուրը հավելել է նաև, որ Թրամփի համար շատ ծանր է պարտությունը Բայդենին, որին ինքը ողջ քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել է անարժան մրցակից։

Նշվում է, որ Թրամփի բարեկամներից և գործարար ընկերներից շատերը նրան կոչ են անում, որ եթե անգամ չի ուզում ընդունել Բայդենի հաղթանակը, այնուամենայնիվ, թույլ տա, որ անցումնային գործընթացը մեկնարկի։ Սակայն գործող նախագահն անդրդվելի է։

Մեկ շաբաթ կամ տասն օր անց Թրամփի դիրքորոշումը կարող է փոխվել, ասել է աղբյուրը։ Բայց առայժմ, հավելել է նա, գործող նախագահը պատրաստ չէ ճանաչելու իր պարտությունը։

Փոխանցում է  Interfax-ը։