20.11.2020 18:32

Ռուսաստանի մշակույթի գործիչները ՅՈԻՆԵՍԿՕ-ին կոչ են արել Ղարաբաղում պահպանել հուշարձանները

Ռուսաստանի մշակույթի գործիչները ՅՈԻՆԵՍԿՕ-ին կոչ են արել Ղարաբաղում պահպանել հուշարձանները

Ռուսաստանցի մշակույթի գործիչները դիմել են ՅՈԻՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական հուշարձաններն ընդգրկել համաշխարհային ժառանգության ցուցակում՝ դրանց պահպանության նպատակով։

Ուղերձը ստորագրել են՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման-կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլյակովը, Սվետլանա Նեմոլյաևան, Յուլյա Աուգը, գրող Զախար Պրիլեպինը և այլք։

«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս․․․ խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության՝ հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգված են և կարող են ենթարկվել ոչնչացման, ավերման ու վանդալիզմի նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո․․․ Մենք ՅՈԻՆԵՍԿՕ-ին խնդրում ենք օգտագործել իր ողջ հեղինակությունը և լիազորությունները՝ հուշարձանները փրկելու, նրանց անհրաժեշտ կարգավիճակ տալու և ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար»,- ասվում է մշակութային գործիչների նամակում։

Փոխանցում է kommersant.ru-ն։