22.11.2020 12:04

Լավրով․ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մասնակցի Ղարաբաղի խնդրի լուծմանը

Լավրով․ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մասնակցի Ղարաբաղի խնդրի լուծմանը

Ռուսաստանը հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծմանը նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք հատկապես գնահատում ենք այն, որ Ադրբեջանի նախագահը՝ հարգարժան Իլհամ Ալիևը, մշտապես ընդգծում է այդ տարածաշրջանում հաշտության խնդիրը, ինչի մեջ է, մեր խորին համոզմամբ, հետագա աշխատանքի ողջ իմաստը, եթե մենք իսկապես մտածենք մարդկանց մասին, այլ ոչ թե ինչ-որ այլ շահերի»,- ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծմանը միջազգային կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը։

 «Անկասկած, մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին ղեկավարում են այս քաղաքական գործընթացը տարիներ շարունակ, նույնպես կմիանան այդ խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և հիմնվելով դրանց վրա»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի պատվիրակության  կազմում, բացի ՌԴ ԱԳՆ ղեկավարից, ընդգրկված են փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։ Պատվիրակությունը Բաքու էր ժամանել Երևանից։ Շաբաթ օրը Բաքու է ժամանել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը բանակցություններ է վարել Ալիևի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։