23.11.2020 11:22

Կառլոս Ռաիսյան. Թռանք-թռանք` աշխարհից դուրս թռանք, հասանք տիեզերք ու թըփ` զգետնվեցինք

Կառլոս Ռաիսյան. Թռանք-թռանք` աշխարհից դուրս թռանք, հասանք տիեզերք ու թըփ` զգետնվեցինք

Ֆեյսբուքյան օգտատեր Կառլոս Ռաիսյանը գրում է.

«Էստոնիայի կրթության նախարարը հրաժարական է տվել: Պատճառը խնդալու է: Վարորդը ծառայողական մեքենայով նախարարի երեխաներին դպրոց է տարել:

Հա դե, Էստոնիան ա: Մենք ու՞ր , իրենք ու՞ր: Էդ ախմախները նույնիսկ  քրիստոնեությունը պետական կրոն չեն ընդունել: Էլ չեմ ասում , որ ծովից ծով չեն եղել: Մի խոսքով, ինչևէ:

Վերադառնանք Հայաստան: Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի մասին չեմ գրի: Երկրաշարժից ու Սովետի փլուզումից հետո է կառավարել, պետությունը անկախացել է , պատերազմ են հաղթել: Հաջորդ իշխանությունը երկու անգամ հանձնաժողով է ստեղծել նրանց «թալանը» բացահայտելու համար, երկուսն էլ` ապարդյուն: Ամեն դեպքում, թե՛ պատմության, թե՛ ժողովրդի առջև էդ իշխանությունը մաքուր է ու հաղթած: Նույնիսկ՝ եթե որոշ հարցեր, սխալներ, տարաբնույթ սխեմաներ եղել են, էդ ամենը բացահայտելու համար կար 22 տարի: Պարզվեց՝ բան չկար բացահայտելու: Պարզվեց նաև այն, որ Հայաստանը 90-ականներին եղել է բացառիկ կամ, ինչպես հիմա մոդա է՝ աննախադեպ հզոր պետություն, առնվազն մեր տարածաշրջանում: Ու սկսվեց անկումը, չէ՛, անկում չէ, ազատ թռիչքը դեպի հատակ:

Եվ ահա, 21-րդ դարում ենք, հասել ենք հատակին: «Միակ տղամարդը» իշխանության գլխին փռվել է, իսկ 90-ականների հզոր Հայաստան կերտողներին վռնդել են: Մեկին` կյանքից, մյուսին` երկրից, երրորդին` քաղաքական դաշտից, չորրորդին` պաշտոնից:

10 տարին պատմական տեսանկյունից ակնթարթ է: 90-ականները հաղթական ակնթարթ էր, որը նսեմացրեցին ու կնքեցին որպես «ցուրտ ու մութ»: Եվ ոչ ոք չառարկեց, թե բա` տղերք, սա մեր բոլորի հաղթանակն է, Լևոնի հանդեպ ձեր վերաբերմունքով ու ձեր ամբիցիաների խաթեր մի պղծեք էդ հաղթանակը: 27-ի կազմակերպիչների մասին էլ չասվեց, Քի Վեստը չասվեց, գույք պարտքի դիմացն էլ չասվեց: Վերջինի մասով, չնայած, ասվեց, ուղղակի Պուտինը ասեց ու ասեց, որ դա Քոչարյանի առաջարկն էր Հայաստանի ստրատեգիական ենթակառուցվածքները նվիրաբերել Ռուսաստանին: Ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրեց, բացի 90-ականների ղեկավարներից: Հըլը դրանց տեսեք, համարձակվել էին պետություն ստեղծել, պատերազմ հաղթել, բա ամոթ չի՞, էդ անելու՞ բան էր, որ Տեր-Պետրոսյանենք արին:

Ու էսպես հասանք 2008: Ինչպես ասում են` մենք գիտեինք` հասել ենք հատակին, մեկ էլ հանկարծ ներքևից թրխկացրին: Երևանի կենտրոնում ՀՀ զինված ուժերը գնդակահարեցին ՀՀ քաղաքացիներին, որ թույլ չտան վերադառնալ իրեն վստահված պաշտոնին իրենց հաղթած գերագույն հրամանատարին, որին ընտրել է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը: Հետո հայ-թուրքական տապալված արձանագրություններ, որը ևս մի անգամ հարված էր մեր արժանապատվությանը, չնայած, ուզում եմ շեշտեմ, որ նորմալ ղեկավարության պարագայում մեզ դա կարող էր օգուտ տալ: Մադրիդյան սկզբունքներ, երկրում տիրող գաղջ մթնոլորտ, համատարած թալան, անծայրածիր արտագաղթողներ, կոռուպցիա ու հասարակական բարոյալքում (մլիցան` գող, տերտերը` գողական, հաց բերողը` հանցագործ և այլն):

Հույսը մեզնից առաջ էր ընկել ու խախտելով ընդունված տրամաբանությունը ` ոչ թե վերջում էր մեռել , այլ նախավերջում: Մնացել էինք մենք: Մենք էլ` անհույս, թշվառ, գաղթական : Ո՞վ էր տեսել հաղթող գաղթական:

Հանկարծ ` հոպ, հրաշք տեղի ունեցավ: Հայկական հրաշք: Լեննականի փլատակների ու խավարի միջից լույսը վառվեց, լույսի միջից թրաշով փրկիչը, ինքն իրեն Հիսուս կարգած, եկավ տեր կանգնեց Հայաստանին: Հատակից միանգամից բարձրացանք երկինք ու ուշադրություն էլ չդարձրինք, որ տոռմուզ չունենք: 50 թվին 5 միլիոն ենք լինելու, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, Արցախը Հայաստան է, մենք բացառիկ ազգ ենք, մեր ընտրած իշխանությունն էլ` աննախադեպ: Թռանք-թռանք` աշխարհից դուրս թռանք, հասանք տիեզերք ու թըփ` զգետնվեցինք: Իսկապես աննախադեպ թռիչք էր, ինչ խոսք: Ափսոս, որ ոչ տոռմուզ ունեինք, ոչ էլ մեր օդաչուն էր օդաչու:

Թե ի՞նչ կապ ուներ Էստոնիան ու նախարարը: Մեզ հետ՝ ոչ մի: Ուղղակի էնտեղ պատասխանատվություն կա ու պատասխանատվության ենթարկելու ձևավորված մեխանիզմ :

Հատակին ենք: Սպասենք՝ ներքևից  հերթական տուկ-տուկին: Մենք կարող ենք»: