Բելառուս․ «Երթ՝ ընդդեմ ֆաշիզմի»

Կիրակի օրը Մինսկում և Բելառուսի մի շարք այլ քաղաքներում տեղի է ունեցել «Երթ՝ ընդդեմ ֆաշիզի», որի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Ձերբակալվածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ TUT.BY-ի տվյալներով, որը հղում է անում «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությանը, ձերբակալություններ են կատարվել նաև այլ քաղաքներում, որտեղ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ Բրեստում, Պինսկում, Նովոպոլոցկում,Գրոդնոյում և այլուր։
Ուժայինները կրկին լուսաձայնային նռնակներ են կիրառել, վաղ առավոտից քաղաքի կենտրոնում հատուկ տեխնիկա է կուտակվել։ Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է հատուկ միջոցների կիրառումը բողոքի ցույցերը ցրելու նպատակով։
Երեկոյան կողմ մի քանի շրջաններում երթերը վերածվել են համերաշխության շղթաների։
«Ամբողջ Բելառուսը շարունակում է պայքարել բռնապետի ռեժիմի դեմ, որը Բելառուսում ամենաիսկական ֆաշիզմ է հաստատել․ այլախոհության ցանկացած դրսևորման ճնշում, փողոցներում վխտացող պատժիչ ջոկատներ, արհամարհանք մարդու իրավունքների և դեմոկրատիայի հանդեպ, սպանություններ, խոշտանգումներ, հազարավոր քաղբանտարկյալներ»,- ասվում է բողոքի ցույցերի կազմակերպման գլխավոր միջոցներից մեկը դարձած «Nехта» տելեգրամ-ալիքի ազդագրում։
Փոխանցում է BBC-ն։