23.11.2020 13:49

Օբամայի հուշերը․ Ինչ կարծիքի է ԱՄՆ նախկին նախագահը աշխարհի առաջնորդների մասին

Օբամայի հուշերը․ Ինչ կարծիքի է ԱՄՆ նախկին նախագահը աշխարհի առաջնորդների մասին

Անցյալ շաբաթ հրապարակվեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» վերնագրված հուշագրությունը։ Առաջին իսկ օրը  միայն ԱՄՆ-ում և Կանադայում վաճառվեց գրքի 890 000 օրինակ՝ ռեկորդային ցուցանիշ Penghin Random House հրատարակչության համար։ Սպասվում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահի գիրքը բոլոր նախագահների հուշագրություններից ամենաշատ վաճառվողը կլինի։

Հուշերի մեծ մասը նվիրված է արտասահմանյան ուղևորություններին և, բնականաբար, աշխարհի առաջնորդների հետ հանդիպումներին։

Մեդվեդև, Պուտին

Երբ Օբաման, որպես ԱՄՆ նախագահ, առաջին անգամ 2009 թ․ ժամանել էր Ռուսաստան, նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևն էր, որը նրա վրա «ժամանակակից քաղաքական գործչի» տպավորություն է թողել։ «Մի մոռացեք, որ որոշումները, առաջվա պես, Պուտինն է ընդունում»,- Օբամային զգուշացրել է նրա խորհրդական Մայքլ Մաքֆոլը, որը հետագայում զբաղեցրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Այն ժամանակ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ Օբաման գրում է․ «Պուտինն ինձ հիշեցրեց այն տղամարդկանց տիպը, որոնք մի ժամանակ ղեկավարում էին Չիկագոյի քաղաքականությունը՝ փողոցի կողմից դաստիարակված, կոշտ, զգացմունքներից զերծ տեսակ, նեղճակատ, որոնք երբեք դուրս չեն գալիս իրենց սահմանափակ փորձառության շրջանակներից և գնահատում են տանիքը, կաշառքները, շանտաժը, խաբեությունը և պարբերաբար ծագող բռնությունը՝ որպես իրենց գործունեության օրինական մեթոդներ»։

Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլերը, Օբամայի տպավորությամբ՝ «վստահելի, ազնիվ, անխնա ինտելեկտով և էությամբ բարի» մարդ է։ Այնուամենայնիվ, Օբաման խոստովանում է, որ Մերկելն սկզբում իրեն որոշակի թերահավատությամբ է ընդունել, հիմնականում՝ Օբամայի վերամբարձ ճառախոսության պատճառով։ «Բայց ես չվիրավորվեցի, մտածեցի, որ Գերմանիայի առաջնորդի համար ամեն տեսակի երեսպաշտության նկատմամբ զզվանքը իսկապես առողջ արձագանք էր»,- գրում է Օբաման։

Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի առաջնորդը Օբամայի նկատմամբ «բարեհամբույր» և ընդհանուր առմամբ՝ «ուշադիր» է եղել, խոստովանում է նախկին նախագահը։

Սակայն «այնպիսի տպավորություն ստացա, որ նրա շահագրգռությունը դեմոկրատիայի պահպանման և օրենքի իշխանության հանդեպ կարող է գոյություն ունենալ միայն այն պայմանով, որ դրանք պահպանեն իր սեփական իշխանությունը»,- գրում է Օբաման։

Փոխանցում է BBC-ն։