23.11.2020 14:34

Թրամփի վարչակազմը «ականներ» է թողնում դեմոկրատների ճանապարհին

Թրամփի վարչակազմը «ականներ» է թողնում դեմոկրատների ճանապարհին

ԱՄՆ գործող վարչակազմը ստորջրյա քարեր է շարում, որոնց վրա կարող է սայթաքել հաջորդ իշխանությունը։

Պետքարտուղար Մայքլ Փոմփեոն նոյեմբերին հայտարարել է պատժամիջոցների բլից-ծրագրի մասին` ուղղված Իրանի դեմ։ Առաջին միջոցառումները հայտարարվել են նոյեմբերի 18-ին․ սահմանափակումները վերաբերում էին «Մոստազաֆան» բարեգործական ընկերությանը և հետախուզության նախարար Մահմուդ Ալավիին։

Քաղաքական կյանքի փորձը ցույց է տալիս, որ պատժամիջոցների սահմանումը շատ ավելի հեշտ է, քան դրանց չեղարկումը։ Բայդենը, եթե հաղթի, ստիպված է լինելու գործ ունենալ Թրամփի թողած ժառանգության հետ և բացատրել, թե ինչ է ստացել յուրաքանչյուր պատժամիջոց չեղարկելիս։ Այդ գործընթացը կարող է շատ ձգձգվել, և շատ պատժամիջոցներ կշարունակեն ուժի մեջ մնալ։ Մանավանդ որ 2021 թ․ Իրանում համապետական ընտրություններ են նախատեսված, որոնցում կարող են հաղթել ծայրահեղ պահպանողականները՝ Ամերիկայի հետ ցանկացած մերձեցման ամենավճռական հակառակորդները։

Թրամփի վարչակազմի մարտավարական նպատակն է այնպես անել, որ իր «դրած ականները» շարունակեն գործել նաև դեմոկրատների հաղթանակի դեպքում։ Դա վերաբերում է նաև մերձավորարևելյան քաղաքականությանը, որտեղ հանրապետականների և դեմոկրատների միջև վեճեր են ընթանում Իսրայելին աջակցելու, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների և Իրանին ատոմային զենքի ստեղծումը չթույլատրելու հարցերի շուրջ։ Դեմոկրատների ընտրած մարտավարությունը ենթադրում է փոխզիջումների փնտրտուք, մինչդեռ հանրապետականները, ընդհակառակը, խաղադրույքն անում են ճնշումների վրա։ «Թրամփի վարչակազմի նապատակները Իրանի հանդեպ պարզ չեն, բայց ամենաշատը նման են այնտեղի իշխանություններին կոլապսի հասցնելուն կամ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելուն»,- ասել է Պարսից ծոցի երկրների վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետ Ալի Ալֆոնեհը։ Դիվանագիտական պաշտոնական լեզվով՝ Սպիտակ տան այդ մոտեցումն ստացել է «առավելագույն ճնշման մարտավարություն» անունը։

Փոխանցում է tass.ru-ն։