24.11.2020 13:38

Թուրքիայում վերսկսվել է Ջամալ Հաշոգիի սպանության համար մեղադրվող անձանց դատավարությունը

Թուրքիայում վերսկսվել է Ջամալ Հաշոգիի սպանության համար մեղադրվող անձանց դատավարությունը

Թուրքիայում վերսկսվել է Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների դատավարությունը՝ 2018 թ․ լրագրող Ջամալ Հաշոգիի դաժան սպանության մեղադրանքով։ Նրանց հեռակա են դատում, քանի որ Սաուդյան Արաբիան հրաժարվել է արտահանձնել մեղադրյալներին։

Մեղադրվողների շարքում Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարի՝ թագաժառանգ Մուհամադ բին Սալմանի նախկին երկու մտերիմ խորհրդականներն են։

Անցյալ տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի դատարանը մահապատժի դատապարտեց լրագրողի սպանությանը կապ ունեցող հինգ հոգու, սակայն աշնանը մահապատիժը փոխարինվեց երկարաժամկետ կալանքներով։

Սաուդյան Արաբիայի դատավարությունը քննադատել են Հաշոգիի հարսնացուն, իրավապաշտպանները և միջազգային հանրության ներկայացուցիչները։ Դատավարության ընթացքում չի դրվել սպանության պատվիրատուների հարցը, թագաժառանգի մտերիմները չեն հարցաքննվել կամ ազատ են արձակվել ապացույցների անբավարարության հիման վրա, մինչդեռ թուրքական կողմը և ՄԱԿ-ի հատուկ հանձնախումբը հենց վերջիններիս է համարում հանցագործության ամենահավանական կազմակերպիչները։

2018 թ․ հոկտեմբերին Հաշոգին Թուրքիայում եղած ժամանակ Ստամբուլում այցելել էր Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն՝ նոր փաստաթղթեր ստանալու, բայց այդպես էլ դուրս չէր եկել հյուպատոսարանի շենքից։ Թուրք քննիչների տվյալներով՝ Հաշոգիի մարմինը մասնատել էին և դուրս բերել հյուպատոսության տարածքից։ Նրա մասունքները մինչ օրս չեն հայտնաբերվել։ Սաուդյան իշխանությունները հերքում են իրենց առնչությունը սպանությանը և լրագրողի մահը համարում են ճակատագրական պատահականություն։

Փոխանցում է BBC-ն։