24.11.2020 13:43

Թրամփը համաձայնել է սկսել իշխանության փոխանցման գործընթացը

Թրամփը համաձայնել է սկսել իշխանության փոխանցման գործընթացը

ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA) նամակ է հղել Ջո Բայդենին, որով ծանուցում է նորընտիր նախագահին, որ պատրաստ է սկսել իշխանության փոխանցման գործընթացը։

Դոնալդ Թրամփն իր Twitter-ում անմիջապես արձագանքել է GSA-ի ղեկավար Էմիլի Մերֆիի նամակին, որը, Թրամփի խոսքով՝ հավատարմորեն ծառայել է երկրին, սակայն ենթարկվել է ահաբեկումների, հետապնդումների և կոշտ վերաբերմունքի։ Թրամփը գրել է, որ հավատում է իր հաղթանակին, և իր թիմը շարունակելու է իրավաբանական քննությունները, բայց հանուն երկրի շահերի՝ Էմիլի Մերֆիին խնդրել է ձեռնամուխ լինել նախնական արձանագրությունների նախապատրաստմանը։

Բայդենի թիմն, իր հերթին, տեղեկացրել է, որ իշխանության փոխանցման գործընթացը սկսելու է համավարակի և ազգային անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի քննարկումով։

Մինչ այդ Միչիգան նահանգը, որտեղ Թրամփի շտաբը ձայների վերահաշվարկ էր նախաձեռնել, նախորդ օրը հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը։ Թրամփը հայտարարել է, որ այդ հավաստագրումն ընդամենը գործընթացի մի մասն է, և իր թիմը կշարունակի դատական քննությունները Ջորջիայում, Փենսիլվանիայում, Արիզոնայում և Վիսքոնսինում, որտեղ թեկնածուների միջև ձայների տարբերությունը նվազագույնն է եղել։

Փոխանցում է BBC-ն։