24.11.2020 15:02

Վրաստանում վերջին օրերին գրանցվում է կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվն աշխարհում. «Ազատություն»

Վրաստանում վերջին օրերին գրանցվում է կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվն աշխարհում. «Ազատություն»

Վկայակոչելով The New York Times-ի ներկայացրած տվյալները՝ «Ազատությունը» հաղորդում է, որ Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսի հաստատվող դեպքերի թիվն աշխարհում ամենաբարձրն է 100 հազար բնակչի հաշվարկով։ Նոր վարակված հիվանդների թիվն ավելացել է հատկապես վերջին շաբաթվա ընթացքում՝ օրական 3,5-4 հազար նոր դեպք։

Վրաստանին այդ ցուցանիշով հաջորդում են Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան, Սերբիան, Անդորրան։

100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսից մահացությունը ևս Վրաստանում վերջին շրջանում բարձր է՝ օրական արձանագրվող մահվան դեպքերի միջինացված թիվը մոտ է 40-ին և այս վիճակագրությամբ աշխարհում 9-13 տեղում է՝ Իտալիայի, Խորվաթիայի, Չեռնոգորիայի և Շվեյցարիայի հետ։

Նոյեմբերի 23-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 109 հազար դեպք, հիվանդությունից մահացել է շուրջ հազար մարդ։

Առողջապահական համակարգի ներկայացուցիչների վկայությամբ՝ երկրի հիվանդանոցներում գործնականում ազատ տեղեր չկան, հայտնում է «Ազատությունը»։