24.11.2020 17:07

Լավրովն ու Զարիֆը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և միջուկային պայմանագրի ապագան

Լավրովն ու Զարիֆը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և միջուկային պայմանագրի ապագան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկման հիմնական թեման եղել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, սակայն քաղաքական գործիչները նաև այլ թեմաների են անդրադարձել։

«Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի գործադրած ջանքերը հակամարտության գոտում կրակի լիակատար դադարեցման ուղղությամբ, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած քաղաքացիական հասարակությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը»,- հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կողմերն անդրադարձել են նաև Սիրիային, Աֆղանստանին, Եմենին, Պարսից ծոցի գոտում ստեղծված իրադրությանը, Իրանի միջուկային ծրագրի, այսպես կոչված՝ Գործողությունների համատեղ համընդհանուր ծրագրի ճակատագրին։

«Ընդգծվել է Մոսկվայի և Թեհրանի հավատարմությունն այն բանին, որ ԳՀՀԾ-ի բոլոր մասնակիցները շուտափույթ վերադառնան այդ պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևովով»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Փոխանցում է newsru.com-ը։