25.11.2020 12:45

NBC. ԱՄՆ պատմության մեջ Բայդենն առաջինն է, որ ընտրություններում ստացել է 80 մլն ձայն

NBC. ԱՄՆ պատմության մեջ Բայդենն առաջինն է, որ ընտրություններում ստացել է 80 մլն ձայն

Ջոզեֆ Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում առաջին թեկնածուն, որի օգտին նախագահական ընտրություններում տրվել է 80 միլիոնից ավելի ձայն։

Շատ նահանգներում դեռևս ամփոփվում են ընտրությունների արդյունքները, սակայն NBC հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին արդեն հայտնի է, որ Բայդենի օգտին քվեարկել է առնվազն 80 011 360 ընտրող, իսկ Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփը հավաքել է 73 881 874 ձայն։

Իր հերթին՝ Fox News հեռուստաալիքը պնդում է, որ Բայդենը դեռ չի հաղթահարել 80 միլիոնի շեմը։

Ավելի վաղ Associated Press-ը տեղեկացրել է, որ Բայդենը, որին ամերիկյան լրատվամիջոցները հայտարարել են նախագահական մրցապայքարի հաղթող, արդեն ռեկորդ է սահմանել․ ընտրություններից հետո հենց առաջին օրը հայտնի է դարձել, որ նա ստացել է 70 մլն մարդու աջակցություն, ինչը ԱՄՆ ողջ պատմության ընթացքում չի հաջողվել ոչ մի թեկնածուի։ Նախկին նվաճումը Բարաք Օբամային էր պատկանում, որը 2008 թ․ ընտրություններում ստացել էր 69,4 մլն ձայն։ AP-ի տեղեկատվոթյան համաձայն՝ Թրամփը նույնպես ռեկորդակիր է՝ «որպես պարտվող թեկնածու»՝ ստանալով ավելի քան 70 մլն քվե։

Այս ընտրություններում ռեկորդային է եղել նաև մասնակցությունը․ AP-ի տվյալներով՝ այն կազմել է 65 %, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1908 թվականից ի վեր։

Փոխանցում է tass.ru-ն։