25.11.2020 15:03

Փորձագետ․ Ղարաբաղում հուշարձանները պետք է գնահատեն միջազգային փորձագետները

Փորձագետ․ Ղարաբաղում հուշարձանները պետք է գնահատեն միջազգային փորձագետները

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հուշարձանների ներկա վիճակը կարիք ունի գնահատման, որը կարող են կատարել միջազգային, այդ թվում՝ ռուսաստանցի փորձագետները, որոնք աշխատանքի փորձ ունեն Սիրիայում, հայտարարել է  Լիխաչովի անվան գիտահետազոտական ինստիտուտի համաշխարհային ժառանգության և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Նադեժդա Ֆիլատովան։

Ավելի վաղ ռուսաստանցի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վալդիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական հուշարձաններն ընդգրկել համաշխարհային ժառանգության ցուցակում՝ դրանք պահպանելու նպատակով։

Ֆիլատովան պատմել է, որ գոյություն ունի պրակտիկա, որի համաձայն՝ բարձր ռիսկի գոտում գտնվող մշակութային հուշարձանները ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվում՝ համաշխարհային ժառանգության օբյեկտ չհանդիսանալով։ Նրա խոսքով՝ դա ծայրահեղ միջոց է, երբ տեղի իշխանությունները ընդունակ չեն ապահովելու հուշարձանների պաշտպանությունը, և անհրաժեշտ է միջազգային միջամտություն։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական հուշարձաններին, ապա, նախևառաջ, անհրաժեշտ է պարզել, թե նրանց իրական վտանգ սպառնո՞ւմ է։ Այժմ, երբ զինված ընդհարումները տարածաշրջանում, ըստ էության, դադարել են, շատ կարևոր է գնահատել այդ օբյեկտների ընթացիկ վիճակը՝ որոշում կայացնելու համար»։

Ֆիլատովայի կարծիքով՝ նպատակահարմար է կազմակերպել ՅՈւՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄՕՍ-ի փորձագետների համատեղ առաքելություն՝ ռուսաստանցի մասնագետների ներգրավմամբ, որոնք բարդ պայմաններում, մասնավորապես՝ Սիրիայում աշխատանքի փորձ ունեն։

«Ադրբեջանը Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի մասնակից է և իրեն դրսևորել է որպես մի երկիր, որը հոգ է տանում մշակութային ժառանգության պաշտպանությանը և հարգում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կարծիքը ամենաբարձր պետական մակարդակով․․․ Դա մեզ թույլ է տալիս հուսալ, որ այդ երկրի իշխանությունները պատրաստակամություն կդրսևորեն ընդունելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը և ըստ նրա եզրակացությունների՝ համապատասխան պարտավորություններ կստանձնեն։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- եզրակացրել է փորձագետը։

Փոխանցում է ria.ru-ն։