30.11.2020 12:07

Իրանը սպառնում է փակել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը և հակահարված տալ

Իրանը սպառնում է փակել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը և հակահարված տալ

Իրանի խորհրդարանը պահանջել է դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտների ստուգումները։ Պահանջը հնչել է Իրանում միջուկային ֆիզիկայի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո։

Իրանի խորհրդարանը կվերանայի ստուգումների վերաբերյալ որոշումը, որն ընկած է Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և արևմտյան մի շարք առաջատար տերությունների ստորագրած պայմանագրի հիմքում։

Թեև առայժմ ոչ ոք չի ստանձնել Իրանի միջուկագետի սպանության պատասխանատվությունը, Թեհրանը պատասխանատու է համարում իսրայելական հատուկ ծառայություններին և սպառնում «հաշվարկված ու վճռական պատասխան տալ»։

Մասնավորապես, Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ միջուկագետ ֆիզիկոսի սպանությունն անպատասխան չի մնալու։ «Թշնամին լավ գիտի, և ես, որպես զինվորական՝ ասում եմ, որ ոչ մի հանցագործություն, ոչ մի սպանություն, ոչ մի հիմար արարք իրանցի ժողովրդի հանդեպ` անպատասխան չի մնա»,- ասել է նախարարը Թեհրանում հանգուցյալի հրաժեշտի արարողության ժամանակ։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է գիտնականի սպանության մեջ Իսրայելի մասնակցության ապացույցները և միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել երկակի չափորոշիչների քաղաքականությունը և դատապարտել «պետական ահաբեկչության ակտը»։

Փոխանցում է BBC-ն։