Բրիտանական կիբեռծառայությունը «պատվաստման թշնամիների» դեմ կպայքարի համացանցում

Բրիտանիան պատրաստվում է զանգվածային պատվաստումների, որոնք սկսվելու են մի քանի օրից, և այդ կապակցությամբ իշխանությունները որոշել են գործարկել հատուկ ընտրյալ ստորաբաժանումը 77-րդ բանակային բրիգադի կազմից, որը մասնագիտացել է տեղեկատվական պատերազմի ոլորտում։
Sunday Times-ի տեղեկատվության համաձայն՝ այդ ստորաբաժանման «մարտիկները» արդեն ձեռնամուխ են եղել կիբեռտարածքի մոնիթորինգին, որ պարզեն՝ արդյո՞ք օտար պետությունների կողմից բրիտանական հանրությանը ապատեղեկացնելու փորձեր չեն արվում պատվաստվելու դեմ։
Դեռևս 2010 թ․ «Ալ Քաիդայի» և Աֆղանստանում «Թալիբանի» քարոզչության դեմ պայքարելու նպատակով ստեղծված այդ հատուկ ստորաբաժանման գործունեությունն ակտիվացվել է այն բանից հետո, երբ լոնդոնյան Վեսթ Էնդում ձերբակալվել էր լոքդաունի դեմ ցույցի առնվազն 155 մասնակից։ Դատելով ըստ ամենայնի, գրում է թերթը, ցուցարարներից շատերի վրա ազդել էր հենց համացանցում տարածված քարոզչությունը պատվաստումների և դիմակ կրելու դեմ։
Փոխանցում է BBC-ն։