30.11.2020 13:39

«Իրանական ռումբի հոր» սպանության տարբեր վարկածներ են շրջանառում

«Իրանական ռումբի հոր» սպանության տարբեր վարկածներ են շրջանառում

Իրանի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից երկու օր անց անասելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս, սպանության վարկածները, կարելի է ասել՝ ավելանում են ու ավելանում։

Ֆահրիզադեն Իրանում ամենահայտնի ֆիզիկոս-միջուկագետն էր և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա։ Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ նա ղեկավարում էր միջուկային մարտագլխիկների մշակման գաղտնի ծրագիրը։ Արևմտյան ԶԼՄ-ները նրան համեմատում էին Ռոբերտ Օփենհայմերի հետ, որն ամերիկյան միջուկային զենքի ստեղծման Մանհեթենյան նախագծի ղեկավարն էր, և նրան համարում էին իսրայելական «Մոսադի» գլխավոր թիրախը։

Ֆահրիզադեն սպանվեց ուրբաթ օրը, Թեհրանից 80 կմ  արևելք, երեք մեքենայի ուղեկցությամբ քաղաքից գնալու ճանապարհին։ Նրա ավտոմեքենան գնդակոծվել էր, և նա մահացավ հիվանդանոցում։

Դրանից անմիջապես հետո պաշտոնական աղբյուրները հաղորդեցին միջուկաբանի թիկնազորի և ինչ-որ «ահաբեկիչների» բախման մասին, ինչի հետևանքով, իբր, զոհվել էին գիտնականը, նրա թիկնապահներից մեկը և հարձակվողներից մի քանիսը։

Իրանական Fars պարբերականը գրել էր նաև մոտակայքում գտնվող ավտոմեքենայի պայթյունի մասին։ Հետո վարկածներն սկսեցին բազմանալ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող Fars  գործակալության տվյալներով՝ գիտնականն սպանվել է հեռակառավարվող գնդացրի օգնությամբ, որը տեղադրված է եղել Nissan պիկապի վրա, որն էլ հետո պայթել է։ Գիտնականի ավտոմեքենան, որտեղ եղել է նաև նրա կինը, զրահապատ էր։

Իրանի միջուկային էներգետիկայի գործակալության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանիի վարկածով՝ Ֆահրիզադեի շարասյունը գնդակոծել են, որ նա կանգ առնի պայթուցիկով լիցքավորված Nissan-ի մոտ, ու հետո պայթեցնեն Nissan-ը։ Բայդ Ֆահրիզադեն մեքենան կանգնեցրել է մինչև պիկապին հասնելը և դուրս է եկել զրահապատ մեքենայից, հնարավոր է՝ այդկերպ կնոջը պաշտպանելու նպատակով։

Գրող, հրապարակախոս Ջավադ Մոգուին, որին համարում են Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսին մոտ կանգնած անձ, պնդում է, որ Nissan-ում դիպուկահարներ են եղել։ Նա գրում է, որ մեքենայում եղել է չորս ուղևոր, եղել են չորս մոտոցիկլիստներ և երկու դիպուկահար։ Այլ աղբյուրներում սա չի հաստատվում։ Իր գրառման մեջ Մոգուին մեղադրում է հետախուզական գերատեսչությանը և հայտարարում, որ այնտեղ լրտեսներ են թափանցել, որոնք կարող էին տեղեկություններ հաղորդել սպանության կազմակերպիչներին։

Փոխանցում է BBC-ն։