30.11.2020 14:56

Բողոքի ցույցեր Բելառուսում․ 300-ից ավելի ձերբակալություն

Բողոքի ցույցեր Բելառուսում․ 300-ից ավելի ձերբակալություն

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում կիրակի օրը տեղի են ունեցել արդեն պարբերական դարձած բողոքի ակցիաներ։

Ցույցերի կոշտ ճնշումների ու զանգվածային ձերբակալությունների պատճառով ցուցարարները անցել են նոր մարտավարության․ նրանք այժմ հավաքվում են ոչ թե Մինսկի կենտրոնում, այլ իրենց բնակավայրերում, ապա «հարևանների երթեր» են կազմակերպում և միասին շարժվում դեպի  հավաքի վայրը։

Կիրակի առավոտյան Մինսկում և մյուս քաղաքնրում ռազմական տեխնիկա է մտցվել։ Շարժական ինտերնետը խափանված էր։ Մինսկում փակ էին մետրոյի մի քանի կայարաններ։

«Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ կիրակի օրը ձերբակալվել է առնվազն 300 ցուցարար, շատ դեպքերում ձերբակալությունները կատարվել են ուժի և հատուկ միջոցների կիրառմամբ։

Ցուցարարների պահանջներն անփոփոխ են՝ ավելի քան 26 տարի իշխանության ղեկին գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը և օգոստոսին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերանայումը։

Նախորդ օրը Լուկաշենկոն խոստացել է, որ նոր սահմանադրության ընդունումից հետո կհեռանա։ Նա նշել է, որ ուզում է փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որպեսզի այնտեղ վերախմբագրի հանրապետության նախագահի լիազորությունները։ «Ոչ թե նրա համար, որ ինչ-որ դեմոկրատիա է անհրաժեշտ։ Հարցը դեմոկրատիան չէ։ Ինձ ինչն է մտահոգում այս հարցում․ անծանոթ նախագահի այսպիսի սահմանադրություն հանձնել չի կարելի։ Դժբախտություն կլինի»,- ասել է նա։

Փոխանցում է BBC-ն։