30.11.2020 15:01

Ուեբսթերի բառարանը հայտարարել է Տարվա բառը

Ուեբսթերի բառարանը հայտարարել է Տարվա բառը

Անգլերենի ամերիկյան Merriam-Webster բառարանը, որ ավելի հայտնի է որպես Ուեբսթերի բառարան,  2020 թ․ բառ է ընտրել  pandemic (համավարակ, պանդեմիա) բառը։

«Երբեմն մեկ բառը բնութագրում է դարաշրջանը, և տրամաբանական է, որ այս բացառիկ, ընդ որում՝ բացառիկ բարդ տարվա համար միանգամից մեկ բառ դուրս եկավ առաջին պլան, երբ մենք վերլուծում էինք տվյալները, որոնք ի հայտ էին բերելու, թե որն է Տարվա բառը։ Հիմնվելով այն բառերի վիճակագրական վերլուծության վրա, որոնք ամենահաճախն են որոնվել մեր օնլայն-բառարանում, Merriam-Webster-ը 2020 թ․ Տարվա բառ է համարում pandemic (պանդեմիա, համավարակ) բառը»,- ասվում է բառարանի կայքում։

Նշվում է, որ այդ բառի որոնողական հայտերի առաջին կտրուկ աճը նկատվել է փետրվարի 3-ին, սակայն այն ավելի հաճախ սկսել են փնտրել դեռ հունվարի 20-ին, երբ ԱՄՆ-ում արձանագրվել էր Covid-19-ով վարակվելու առաջին դեպքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 61 միլիոն դեպք, 1,4 միլիոնից ավելի հիվանդ մահացել է։

Փոխանցում է ria.ru-ն։