30.11.2020 20:59

ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանի այսօրվա թոթովանքին դեռ տարիներ առաջ հանգամանորեն պատախանել է Նիկոլ Փաշինյանը:

Ստորև, առանց մեկնաբանության, ներկայացնում ենք մի քանի քաղվածք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին Նիկոլ Փաշինյանի գրած տասնյակ ներբողական հոդվածներից.

 

1. «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս» («Հայկական ժամանակ», 7.11.2009)։

***

2. «Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արեւմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են։ 1990 թվականին իշխանության գալով Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց եւ հասկացավ հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որեւէ իմաստից եւ նպատակից։ Արդյունքում՝ հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց։ Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում։ Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում։ Նաեւ ԱՄՆ-ում եւ Եւրոպայում («Հայկական ժամանակ», 3.09.2008թ)։

***

3. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն։ Ոչ թե այն իրողությունների վրա, որ մենք ուզում ենք, որ գոյություն ունենան, կամ էլ՝ տեսականորեն, ենթադրաբար կարող են գոյություն ունենալ, այլ գոյություն ունեն այսօր, այս պահին՝ ժամանակակից բառապաշարով ասած՝ ռեալ ժամանակի մեջ։ Ելնելով այսօր գոյություն ունեցող իրողություններից՝ առաջին նախագահը, թե՛ պաշտոնավարման տարիներին եւ թե՛ այսօր, հիմնվում է այն փաստի վրա, որ մենք նորանկախ, դեռեւս թույլ ու շատ խոցելի պետություն ենք, պետություն, որի գոյությունը որեւէ կերպ երաշխավորված համարել չի կարելի՝ երկարաժամկետ կտրվածքով։ Ըստ այդմ, անգամ որոշակի հաջողությունների դեպքում մենք չպետք է չափից ավելի ոգեւորվենք եւ մեր մտապատկերում պետք է պահենք ոչ թե այն, ինչ կարող ենք ունենալ, այլ այն, ինչ արդեն ունենք։ Ավելին ունենալու մղումը հաճախ հանգեցնում է եղածը կորցնելու տխուր իրականությանը, եթե այդ մղումը հիմնված չէ իրատեսական հաշվարկի վրա» («Հայկական ժամանակ», 17.11.2009թ)։

iLur.am