02.12.2020 16:52

Մադուրոն նշել է, թե որ դեպքում հրաժարական կտա

Մադուրոն նշել է, թե որ դեպքում հրաժարական կտա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է հրաժարական տալ, եթե վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչները հաղթեն խորհրդարանական ընտրություններում, որոնք նշանակված են դեկտեմբերի 6-ին։

«Եթե ընդդիմությունը հաղթի, ես կհեռանամ նախագահի պաշտոնից»,- ասել է Մադուրոն երեքշաբթի օրը Կարակասում ելույթի ժամանակ։

 Վենեսուելայի նախագահը հավելել է, որ իր ճակատագիրը վենեսուելացիների ձեռքում է։

Իրադրությունը Վենեսուելայում կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ 2019 թ․ հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը գերագույն դատարանը չեղարկել էր դրանից երկու օր առաջ, հայտարարեց, որ ինքն ստանձնում է նախագահի պարտականությունները։

 ԱՄՆ-ը Գուայդոյին ճանաչեց պետության ժամանակավոր ղեկավարը, ԱՄՆ-ին միացան Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և Եվրամիության անդամների մեծ մասը։ Մադուրոն այդ ամենն անվանեց հեղաշրջման փորձ և հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նրա պաշտպանությամբ հանդես եկան Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան և Թուրքիան։

Փոխանցում է tass.ru-ն։