03.12.2020 11:57

Կորոնավիրուսն աշխարհում

Կորոնավիրուսն աշխարհում

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ աշխարհում Covid-19-ով վարակվել է գրեթե 64 միլիոն մարդ, մահացել 1,5 միլիոնը։

Ճապոնիայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել իր քաղաքացիներին անվճար պատվաստելու մասին՝ պայմանով, որ ճապոնացիները պարտադիր պատվաստվեն՝ բացառությամբ հակացուցումների ծայրահեղ դեպքերի։ Այդպիսով՝ Ճապոնիան կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումը պարտադիր կլինի։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ Ճապոնիայում հիվանդացել է 153,3 հազար մարդ, մահացել 2 137-ը։ Շատ երկրների համեմատ՝ սրանք միանգամայն բարենպաստ ցուցանիշներ են, թեպետ երկրի տնտեսությանը համավարակը ծանր հարված է հասցրել։

Թուրքիայում արձանագրվել է օրական ռեկորդային մահացություն՝ 190 հիվանդ։ Երկրում ամենուրեք պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 21․00-ից մինչև առավոտյան 5-ը։

Լեհաստանը դարձել է աշխարհի 13-րդ երկիրը, որը հատել է 1 միլիոն վարակակիրների սահմանը։

Ֆրանսիան ուզում է իր քաղաքացիներին արգելել այցելել հարևան Իսպանիայի և Շվեյցարիայի լեռնադահուկային առողջարաններ։

Գերմանիայում վերջին 24 ժամվա ընթացքումարձանագրվել է կորոնավիրուսից մահացության 487 դեպք, սակայն վարակելիության ընդհանուր դինամիկան կամաց-կամաց նվազում է։

Լատվիան արտակարգ դրությունը երկարացրել է մինչև հունվարի 11-ը։ Երկրի վարչապետը հայտարարել է, որ իրավիճակը ծայրահեղ բարդ է։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնները մտադիր են կարանտինի ժամկետը 14 օրից կրճատել մինչև 7-ից 10 օր՝ նրանց համար, ովքեր շփում են ունեցել Covid-19-ով վարակված մարդու հետ։ Նման մեղմացման պատճառները չեն հաղորդվում։ Ընդ որում՝ վարակվածության և մահացության ցուցանիշները երկրում շարունակում են անշեղորեն աճել․ ԱՄՆ-ը, առաջվա պես, առաջատար է երկու ցուցանիշներով էլ՝ 13,7 մլն վարակակիր և 270,6 հազար մահ։

Փոխանցում է BBC-ն։