04.12.2020 13:00

ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը Չինաստանը համարում է « ամենամեծ սպառնալիքը ազատության դեմ»

ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը Չինաստանը համարում է « ամենամեծ սպառնալիքը ազատության դեմ»

Սպիտակ տան հեռացող վարչակազմը շարունակում է Չինաստանին մեղադրել ԱՄՆ-ի դեմ ագրեսիվ կամպանիա մղելու մեջ։

Հինգշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Չինաստանի այն ընկերությունների «սև ցուցակի» մեջ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանված,  ընդգրկել է այդ երկրի ևս երկու խոշոր ՝ SMIC չիպեր արտադրող և CNOOC նավթագազային հսկա ընկերությունները։ Պենտագոնը եզրակացրել է, որ այդ երկու ընկերությունները համագործակցում են Չինաստանի պաշտպանության նախարարության հետ, և այսուհետ նրանց կարգելվի մոտենալ ամերիկյան ապրանքներին և տեխնոլոգիաներին։

Իսկ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հոդված է հրապարակել Wall Street Journal-ում, որում Չինաստանն անվանել է «ամենամեծ սպառնալիքը դեմոկրատիայի և ազատության դեմ» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ռեթքլիֆը հայտարարել է, որ Չինաստանն աշխարհում ամրապնդում է իր դիրքերը ԱՄՆ-ից տեխնոլոգիաներ գողանալով և ապա ամերիկյան ընկերություններին շուկայից դուրս մղելով։ Նրա խոսքով՝ Չինաստանը տարեկան 500 մլրդ դոլարի ամերիկյան մտավոր սեփականություն է գողանում։ Ուստի ամերիկյան հետախուզության ջանքներն այժմ ուղղված են հենց Չինաստանի գործողություններին դիմակայելու վրա, այլ ոչ թե Ռուսաստանի կամ ահաբեկչության դեմ պայքարի։

Մեկնաբանելով ԱՄՆ մեղադրանքները՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Վաշխնգտոնին մեղադրել է «Չինաստանի դեմ մի քանի ագրեսիվ կամպանիաներ մղելու մեջ», ինչը բացատրվում է «գաղափարական կանխակալությամբ»։ «Այսպիսի չինական ասացվածք կա՝ աչքը տեսնում է այն, ինչին հավատւմ է գիտակցությունը։ Հուսով ենք՝ ԱՄՆ-ը կդադարի բոլորին լրտես համարել»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Փոխանցում է BBC-ն։