18.12.2020 11:11

Կադիրովը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Կադիրովը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝  ամենամյա մամուլի ասուլիսում իր գործունեությունը բարձր գնահատելու համար։

Ասուլիսում նախագահին հարց է տրվել, թե ինչով են պայմանավորված Արևմուտքի պատժամիջոցները Կադիրովի և նրա շրջապատի դեմ։

Պուտինը պատասխանել է, որ դրանում որևէ արտառոց բան չի տեսնում, որովհետև Կադիրովը պաշտպանում է ոչ միայն Չեչնիայի, այլև ամբողջ երկրի շահերը, և հենց դրա համար էլ թիրախ է դարձել Ռուսաստանի ընդդիմախոսների համար։ Բայց անհանգստանալ պետք չի, հավելել է Պուտինը։

«Ես անկեղծորեն շնորհակալ եմ ՌԴ նախագահին՝ մեր ընդհանուր գործում իմ համեստ ավանդը բարձր գնահատելու համար․․․ Ինչ վերաբերում է արևմտյան երկրների պատժամիջոցներին, ապա Վլադիմիր Վլադիմիրովիչը միանգամայն ճիշտ է՝ ես դրանց հանգիստ եմ վերաբերվում։ Ավելի տագնապալի կլիներ, եթե չհայտնվեի այդ, այսպես կոչված՝ սահմանափակող ցուցակներում»,- սոցցանցում գրել է Կադիրովը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցներին արժանանում են Ռուսաստանի իսկական պատրիոտները, և դա «շատ բարձր գնահատական է»։

Կադիրովը կրկին հայտարարել է, որ ինքը Պուտինի հետևակայինն է, և իր համար մեծ պատիվ է ծառայել Հայրենիքին «պետական և քաղաքական խոշոր գործչի թիմում»։ Նա հավաստիացրել է, որ կպաշտպանի հանրապետությունն ու երկիրը՝ «քանի դեռ կրծքի տակ սիրտը բաբախում է»։

Փոխանցում է ria.ru-ն։