26.09.2012 18:05

Քադաֆիին բռնած գրոհայիններից մեկը վախճանվել է Ֆրանսիայում

Քադաֆիին բռնած գրոհայիններից մեկը վախճանվել է Ֆրանսիայում

Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան», Ֆրանսիայում վախճանվել է  Քադաֆիին բռնած գրոհայիններից մեկը՝  Օմրան Շաբանը, որը ֆրանսիական հիվանդանոցում բուժվում էր այն բանից հետո, երբ 2012 թ. հունիսին առևանգվել և խոշտանգումների էր ենթարկվել լիբիական բռնապետի համախոհների կողմից: Շաբանը գերության մեջ էր եղել 50 օր և  ևս երկու գրոհայինների հետ ազատ էր արձակվել բանակցությունների արդյունքում: Առևանգված չորրորդ գրոհայինը դեռևս գերության մեջ է, և նրա ճակատագիրն անհայտ է:

Ազգային կոնգրեսը, որն այսօր իշխում է Լիբիայում, Շաբանին «նահատակ» է հայտարարել և հրահանգել թաղել որպես հերոսի, ինչպես նաև գտնել Շաբանին առևանգած գրոհայիններին: Սակայն նրա եղբայրը՝ Վալիդը, որը նախկին ապստամբների վեց հոգանոց ջոկատի հրամանատարն է, խոստացել է անձամբ վրեժ լուծել եղբորն առևանգողներից:

Փորձագետների կարծիքով՝ Շաբանի մահը կարող է բախումների առիթ դառնալ կոնգրեսի իշխանությունը ճանաչած և Քադաֆիին հավատարիմ լիբիացիների միջև: