30.12.2020 13:39

Լավրով․ Ռուսաստանը պաշտպանում է խաղաղությունը հետխորհրդային տարածքում

Լավրով․ Ռուսաստանը պաշտպանում է խաղաղությունը հետխորհրդային տարածքում

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը 2020 թ․ արդյունքների վերաբերյալ ТАСС-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև Ղարաբաղի վերաբերյալ հետևյալ հարցին․

 «Քիչ ժամանակ է անցել այն պահից, երբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հայտարարություն ընդունեցին Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ, մինչդեռ տարածաշրջանում կրկին փոխհրաձգության միջադեպեր են արձանագրվում։ Ընդ որում՝ մինչև հիմա որևէ որոշակիություն չկա Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցությունների մասին։ Արդյո՞ք մտավախություն չունեք, որ մեր խաղաղապահները եկող տարի կարող են հայտնվել երկու կողմերի միջև կրակի գծում»։

«Մենք ելնում ենք նրանից, որ անհրաժեշտ է անկասելիորեն կատարել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են նոյեմբերի 9-ին կողմերի՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ։ Դրանից ելնելով ենք շարունակում միջնորդական փոխգործակցությունը Բաքվի և Երևանի հետ։

Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում կայունանալու միտում ունի։ Նշենք, որ Բաքուն և Երևանը կատարում են իրենց ստանձնած պարտավորությունները՝ գործը հասցնելու իրավիճակի լիակատար կայունացման։ ․․․Ռուսաստանն, իր հերթին, շարունակում է պատասխանատու կերպով և արդյունավետորեն կատարել կրակի դադարեցման երաշխավորի իր գործառույթը։ Ռուս խաղաղապահների հանդեպ սադրիչ գործողություններ առայժմ չեն եղել։ Միակ նկատելի խախտումը, որ արձանագրվել է դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել շփման գծի այն հատվածում, որտեղ ռուսաստանցի խաղաղապահներ չեն եղել։ Մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած եռանդուն քայլերը՝ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ համատեղ, թույլ են տվել խուսափելու, որ միջադեպը ավելի տարածվի։ Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտանք հրադադարի խախտում։

․․․ Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, ապա կարող եմ կրկին հաստատել, որ մենք պատրաստ ենք ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով նպաստել նման հանդիպումներ կազմակերպելու, հենց որ կողմերը պատրաստ լինեն դրան»։

Փոխանցում է tass.ru-ն։