15.02.2013 01:24

Տրնդեզի շարադրություններ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում

Տրնդեզի շարադրություններ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում

 

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը փետրվարի 13-ին հյուրեր ընդունեց: Հյուրընկալվել էին` ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրանք հենց այնպես չէին պատվել մանկավարժական ինստիտուտին իրենց այցով, այցը ուներ կոնկրետ նպատակ, ինչպես հետագայում նշում է Շ.Թորոսյանը` «ուղեղների լվացում է տեղի ունենում, լավ իմաստով»: Այցելության նպատակը քարոզչությունն էր: Ինչպես իր ելույթում նշեց ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, «ներկաները գոհ կմնան, եթե ես հնարավորություն տամ իմ հյուրերին` ներկայացնեն «ինչու եմ ես ընտրում Սերժ Սարգսյանին» շարադրությունը»: Նշենք, որ քարոզարշավը տեղի էր ունենում դասապրոցեսի ժամին: Ինչեւէ, հյուրերը ներկայացրեցին իրենց «շարադրությունները»:

Լեւոն Անանյան.-…, Ես ուղղակի մի քանի դիտարկում եմ ուզում անել, որ անեմ, որը հնարավոր է շատ բան չավելացնի ձեր իմացության վրա, բայց պիտի նկատի առնենք, որ էս ընտրությունները բացառիկ են էն առումով, որ մեր ժողովուրդը չի քաղաքականացնում: Մենք հիշում ենք նախորդ ընտրությունները, հիշում ենք էն մթնոլորտը, երբ հարեւանը հարեւանի դեմ էր դուրս գալիս, ընկերը` ընկերոջ, անգամ կինը ամուսնու դեմ, եւ փառք աստծո, որ այդ պայթուցիկ լիցքերը էսօր չկան, էսօր արդեն մեր հանրությունը հասկանում է, որ ընտրություն է, ուրեմն պիտի գնա ընտրության եւ իր ձայնը տա էս կամ էն թեկնածուին: Էստեղ, իհարկե, վստահաբար իրենց կարեւոր դերը խաղացին մեր քաղաքական դաշտի մի շարք առաջնորդներ, ովքեր, պահի հնարավորությունները ճիշտ գնահատելով, չմասնակցեցին եւ չշիկացրին, առանց էն էլ մեր ժողովրդի հատածը, որ պատրաստ է ավելի շատ բացասականը հակադրելու դրականին, եւ մտահոգությամբ, որ պիտի լինի ընդդիմություն, իհարկե ընդդիմություն պիտի լինի, եւ էդ էլ ասեմ, յուրաքանչյուր ազնիվ մտավորական, գրող արվեստագետ, ինքը ներքին ընդդիմություն է: Բայց այսօր մենք գործ ունենք մեր երկրի ճակատագրի հետ եւ ընդդիմություն կամ պետականամետ լինելուց առաջ պիտի շատ հստակ նախ ինքներս հաշվետու լինենք, որովհետեւ խոսքը վերաբերվում է … առաջին հերթին ձեզ, սիրելի ուսանողներ, ձեր ապագային եւ, ընդհանրապես, էս տարածաշրջանային խայտառակ քաոսի մեջ` մեր երկրի ճակատագրին: Երկրորդ խնդիրը, որ մենք էսօր տեսնում ենք, դա այն է, որ մեր թեկնածուների ցանկը նայելիս, թե ինչպես մենք յուրաքանչյուրս մեր մեջ տեսնում ենք երկրի ապագայի նախագահին, սա ազգային առանձնահատկություն է կարծես դարձել, երբ դարերով պետականություն չունեինք, եւ յուրաքանչյուրս, կարծես թե էդ պետականության կորուստը զգում ենք նախորդ դարերից մեր մեջ` իբրեւ արտացոլում. ե՞ս ինչ կանեի, որ երկիրը հանեի էդ իրավիճակից, որի մեջ հայտնվել են եւ անկախության շրջանում, եւ այդ պատճառով էլ մենք  տեսնում ենք շատ խայտաբղետ թեկնածուների ցանկ: Եւ էդ ցանկի մեջ յուրաքանչյուրը իր ծրագիրն է ներկայացնում, շատ լավ է ժողովրդավարություն ասվածը, բայց մենք երբեմն տեսնում ենք, որ ժողովրդավարությունը մեր երկրի համար դառնում է հայհոյախոսություն, որովհետեւ շատ բաներ դուրս են գալիս հենց մեր ազգային ավանդույթի դեմ, մեր հոգեկերտվածքի դեմ եւ ընդհանրապես մեր երկրի կայունության դեմ:

Եւ վերջապես երրորդ դիտարկումը, որով ուզում եմ ձեզ հետ կիսվել, դա նախընտրական էս արշավի էդ նախընտրական զինանոցն է, որը երբեք չենք տեսել, ես, որ հիշում եմ: Եւ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները բոլոր, որ առիթ եմ ունեցել մասնակցելու, մենք տեսնում ենք, թե ինչ նոր քաղաքական հարուստ զինանոց է մեզ ներկայացվում, էլ` քաղաքական հացադուլ, ոմանք էլ միանում են մեկօրյա ջրադուլով, էլ սկսնակ մարդասպանների ձախողված մահափորձ, ուղղակի Գինեսի գիրք պիտի մտնի իր բացառիկությամբ, էլ` սահմանադիր ժողով, էլ ինքնաբացարկ, էլ ընտրությունների բոյկոտ եւ այլն: Այսինքն, մենք համաշխարհային գրանցման ենթակա տարեգրությանը ենթակա տալիս ենք հարուստ մի ցանկ, թե ինչպես կարող է այս կամ այն երկիրը այսուհետեւ առաջնորդվել որպեսզի ավելի դեմոկրատական դարձնի ընտրությունները:

Ամենակարեւորը մեզ համար պարզ ու հասկանալի է. բոլոր հիմնական թեկնածուների մեջ, 7 թեկնածուների մեջ տեսնում ենք 3-4 անուն, որոնց բոլորին ճանաչում ենք, ոչ մեկը լուսնից չի իջել, 20 տարիների ընթացքում մենք ապրել ենք նույն երկրում, տեսել ենք նրանց քաղաքական այս կամ այն կառույցում, իշխանության ղեկի մոտ, եւ որեւէ մեկը մեզ պիտի չհուշի ու պարտադրի, թե ով ով է, եւ` ով ինչ է, եւ` ում խոսքը ինչ հզորություն եւ կոնկրետություն ունի: Էս առումով մենք շատ լավ տեսնում ենք մեր երկրի հիմնական խնդիրները, էսօր Արցախի չլուծված հիմնախնդիրը, էսօր մենք տեսնում ենք կոռուպցիան եւ ստվերը, էսօր մենք տեսնում ենք արտագաղթը իր երկու ճյուղավորումներով. աշխատանքային միգրացիան, որ դեռ գալիս է սովետ միությունից, գոնե իմ սերունդը հիշում է, մեր ջահելությունը երեւի, թե պատկերացում չունի, խոպան կոչվածը միշտ էլ հյուծել է մեր երկիրը, եւ ընտանիքները քայքայվել, մի խոսքով, շարունակվել է, բայց էսօր ավերվել է նաեւ այդ տարաբնակեցումը, մարդիկ դուրս են գալիս Հայաստանից, եւ դա էլ մի քիչ էլ ինչ-որ տեղ, հիշում եք` «Կռունկ` ուստի կուգաս», դա ոչ սովետն էր, որ անկախ Հայաստանը, բայց էս ամբողջ միջնադարյան եւ ավելի վաղ դիցաբանությունն ու պոեզիան, եւ երաժշտության մեջ էր արտացոլվում, սիրում ենք էդ պանդխտության, երեւի էնքան տաղանդավոր ենք, որ էդքան տաղանդը մի երկրում հաստատվելու հնարավորություն չունի, բայց տեսեք` որեւէ հայ գնում է սփյուռք, արտասահման, չգիտեմ` որ երկիր, եւ էդ հայը անմիջապես իր անունը հնչել է տալիս, եւ շատ զարմանալի է, որ հայկական արարչագործ տաղանդ է, եւ էդ էլ պիտի ասեմ, մենք բոլորս էլ, եթե տաղանդ չէ, գոնե շնորհի մի նշույլ ունենք, եւ բոլորս էլ ապրում ենք մեր միջավայրում, սոցիալական տնտեսական միջավայրում, ուսուցչից մինչեւ Հայաստանի գրողների միության նախագահ, մենք սիրում ենք էս երկիրը, մե՛ր երկիրը եւ ապրում ենք էստեղ, որովհետեւ ունենք ապագայի հանդեպ հույսն ու հավատը:

Անցնեմ բուն թեմային, բոլորին էլ, երեւի թե պարզ է, որ միջոցառումը կազմակերպել է հանրապետական կուսակցությունը, իսկ հանրապետական կուսակցության թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Ես կուսակցական չեմ, բայց, մտավորական լինելով, վստահաբար եկել եմ հրապարակավ հայտարարելու, որ ձայնս տալիս եմ Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ Ս.Սարգսյանին: Ընդամենը մի քանի դետալ. նախ, որովհետեւ մենք տեսնում ենք էս նախընտրական քաոսի մեջ, բարեբախտաբար, իհարկե, մաղձն ու ատելությունը, կարծես թե էնքան գլուխ չի բարձրացնում ընդհանուր էս մթնոլորտում, չնայած էդ էլ մի դաժան վիճակ ա, ամեն մի թեկնածու կանգնում եւ ասում է` «Իմ Հայաստանը», «Նրա Հայաստանը»: Սիրելի բարեկամներ, մենք ունենք մի Հայաստան, Հայաստան աշխարհը, եւ բոլորիս Հայաստանն է որեւէ թեկնածուի Հայաստանը չի, եւ այս հակադրությունը, արտահայտությունը, թե «Իմ Հայաստանը կլինի այսպես, նրա Հայաստանը այսպիսին», մենք պիտի այս խայտառակ տարաբաժանումը կանխենք եւ ընդհանրապես մերժենք, որովհետեւ որեւէ անհատի Հայաստանը չէ, սա մեր երկիրն է եւ մենք բոլորս հավասարապես պատասխանատու ենք եւ իսկապես կարող է մի օր գա` 2,5 միլիոն հայերն էլ առաջադրվեն նախագահի թեկնածու, եթե Հայաստանը պիտի մաս-մաս անենք, յուրաքանչյուրի նախընտրական ծրագիրը գովազդելու մտահոգությամբ:

Ուրեմն ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ շատ զուսպ եւ ճիշտ, իմ կարծիքով, նախընտրական ծրագիր է, չի խոսում էպիկական, առասպելական ապագայի մասին, որ մենք պիտի քնենք, ուրեմն, երեկոյան փետրվարի 18-ին, 19-ի առավոտյան տեսնենք իքս թեկնածուի դրախտային Հայաստանում, որովհետեւ գիտենք բոլորս նաեւ այդ խոստումների արժեքը, եւ գիտենք նաեւ էդ հուսալքության վիհը գլորվելու էդ ցավագին տվայտանքները:

Սերժ Սարգսյանի Հայաստանը, ծրագիրը ինձ համոզում է, նախեւառաջ դա իրատեսական ծրագիր է, դա հնարավորի ծրագիր է: Եւ ես հենց դա շատ կարեւորում եմ, որպեսզի մենք կարողանանք, քայլ-քայլ, լինի դա 5 քայլ, թե 100 քայլ, քանի քայլ կարեւոր չի, բայց լինեն էդ քայլերը հիմնավորված:

Ինչի՞ Սերժ Սարգսյանը: Որովհետեւ մենք արդեն շատ դառը փորձ ունենք ուսուցիչների օպտիմիզացման: Այդ փորձառությունը մենք դուրս մղելով ջահելներին մեջտեղ բերելով, կեցցե ջահելությունը, վաղվա օրն ու վաղվա Հայաստանը նրանցն է, բայց մենք տեսանք` ինչ կատարվեց հարեւան Վրաստանում, երբ մեր, ազգությամբ մի քիչ էլ հայ Սաակիշվինին ամբողջ հին, տարիներով փորձառու մասնագետներին հանեց եւ էդ ջահելներով խակ, չհասունացած, վերաբնակեցրեց պետական կառույցները, էսօր ունենք մի Վրաստան, որը արյուն տալով լիզում է այդ վերքերը, որ թողել ա այդ խայտառակ սենդափոխությունից` ցավագին, իսկ մենք ունենք նախագահ, որ վիթխարի փորձ ունի, 5 տարվա փորձ. պետական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, իսկ դա մեծ կապիտալ է, իսկ, եթե մենք էդ կապիտալը թողնում ենք մի կողմ, եւ գալիս է մի շատ ներկայանալի ծրագրով շատ հմայիչ մի թեկնածու եւ ասում է` ես պիտի դրախտ դարձնեմ Հայաստանը, սկսելով ամեն ինչ զրոյից, վստահ եղեք` զրոյից սկսելը, պիտի եւս 5 տարի պիտի էդ փորձը կուտակի, պիտի միջազգային բոլոր կառույցների հետ հարաբերությունները հաստատի, եւ հետո գուցե հաջողի, գուցե` չէ:

…, …, Ընտրեք մեր թեկնածուին, իմ թեկնածուն` ես արդեն հրապարակեցի, ով ում հետ միասին յուրաքանչյուրս պիտի կառուցենք բոլորիս Հայաստանը, ապահով, խաղաղ, եւ լուծելով մեր բոլոր էն հարցերը, որոնց շուրջը արդեն 2 տասնամյակ է մեր ժողովուրդը Արցախյան հերոսամարտից հետո կռիվ է տալիս, առաջինը` Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը եւ երկրորդը, իհարկե` Հայոց ցեղասպանության հարցի վերջնական լուծումը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը իր ելույթում ասաց, որ գնահատում է Անանյանի ելույթը որպես կառուցողական եւ միանում է նրա բոլոր խոսքերին, պաշտպանելով Ս.Սարգսյանի թեկնածությունը: Խոսելով երկրի ամրության եւ տարածաշրջանայի դրության մասին, ասաց.-Մենք ամուր երկիր ենք, փոփոխությունների գնալու ժամանակը չէ, մանավանդ, որ մեզ ինչ-որ խոստումներ են տալիս, մենք խոստումներ շատ ենք լսել, դրանցից ոչ մեկը չի կատարվում, կարծում եմ, որ բոլորդ կհամաձայնեք, որ կայունությունը խաղաղությունը եւ ապահով Հայաստանը ամենակարեւորն է:

Շիրակ Թորոսյանը իր ելույթում հիմնականում կենտրոնացավ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի վրա, միջազգային հարաբերությունների վրա, Վրաստանի արտաքին քաղաքականության, նոր իշխանությունների հաղթանակի, հին իշխանությունների տապալման, իր կարծիքով վերջիներս սխալ արտաքին քաղաքականության հարցերի վրա: Դրանից բացի, ասաց.-Մենք գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ ընթանում է նախընտրական քարոզչություն, որի ընթացքում տեղի է ունենում «ուղեղների լվացում», լավ իմաստով եմ ասում: Քարոզչության նպատակն է` ընտրողին համոզել, որ «մենք լավագույնն ենք»: Ասում են, որ մարդիկ ամենաշատը ստում են որսից հետո, եւ ընտրություններից առաջ, սա ապացուցված ճշմարտություն է. սկզբից խոստումներ են տալիս, հետո, չիրականացնելու դեպքում հիմնավորում են, վերլուծում են, թե ինչու խոստումը չկատարվեց: Ես վստահ չեմ, թե որեւէ թեկնածու կկարողանա ապահովել երկրի անվտանգությունն ու կայունությունը, մի մոռացեք, որ մենք ամեն վայրկյան պատերազմի շեմին ենք կանգնած, ես վստահ չեմ պատերազմի փորձությամբ չանցած, երբեք որեւէ փամփուշտի տակով չանցած մարդիկ կկարողանա՞ն բնավորություն դրսեւորել, ճշգրիտ որոշումներ կայացնել հանուն մեր երկրի ռազմավարական անվտանգության, ես ուղղակի վստահ եմ, որ այս ամենը կարող է անել Սերժ Սարգսյանը, դրա համար ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին:

Ռեկտորի առաջարկին, թե հարցեր տվեք, մի տղամարդ դահլիճից արձագանքեց, թե.-էնքան սպառիչ եք խոսում, որ հարցեր չկան …:

Դժվար է ասել, այս գլուխլվայից ներկաները որքանով էին հուզված:

Վանաձորի մանկավարժականի դահլիճն ունի 13 շարք նստատեղ, յուրաքանչյուր շարքում 12 աթոռ, բոլոր 156 տեղերը զբաղված են եղել, ավանգարդում պրոֆեսորադասախոսական կազմն է եղել նստեցված, հետո` ուսանողությունը, ծափերը կանոնավոր հնչել են բոլոր ելույթներից հետո: Քարոզչական միջոցառումը սկսվել է 13:10-ին` մոտավորապես հերթական դասաժամը սկսելու զանգի հետ եւ ավարտվել ուղիղ 40 րոպե հետո: Ուսանողությանը եւ դասախոսական կազմին դահլիճ ներս անելուց հետո, դահլիճի հիմնական դուռը բանալիով փակվել է, ռեկտորն ու երեք հյուրերը մուտք են գործել ոչ հիմնական մուտքից: Դահլիճը հիմնական մուտքը բացվել է միայն միջոցառման ավարտից հետո:

Ցերեկոյան ցանգեց ինձ (Լ.Բ.) ՀՀ ԿԳ նախարարության աշխատակիցը, հաղորդեց, որ իրենք մտահոգված են տեղի ունեցած միջադեպով եւ շատ կուզեին ունենալ այդ հանդիպման ժամանակ տեղի ունցած քարոզչության ապացույցներ, գոնե ձայնագրությունը: Ես բացատրեցի, որ ելույթների ձայնագրությունը հատուկ իրենց չենք տրամադրի, սակայն, ընդառաջելով բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքներին, եւ ի հեճուկս մեր տեղական թղթակիցներին արդեն երեկ` նախորդ հրապարակման համար ինչ-որ վախենալու բաներ ասած պաշտոնյաների, կհրապարակենք համացանցում, կդառնա ամենեցուն մատչելի: Այս նյութին կից կարող եք վայելել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում փետրվարի 13-ին, դասաժամին կազմակերպված քարոզարշավի ձայնագրությունը, անմիջապես այն բանից հետո, երբ որպես սկիզբ հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Այսուհանդերձ, մի քանի բան մնում է անհասկանալի: Ինչո՞ւ, շատ լավ իմանալով ՀՀ կրթության գիտության նախարարության հրապարակված դիրքորոշումը այսօրինակ քարչոզների դեմ, Գուրգեն Խաչատրյանը, որոշել է գնալ այդ քաջագործությանը, սեփական նախաձեռնությամբ եւ անձնուրաց նվիրմա՞մբ է կատարել այդ հերոսությունը, թե՞, ստիպել են մարդուն, ո՞վ է ստիպել, ո՞ւմ պլանն է կատարել ռեկտորը, եթե ոչ սեփական պլանը, (Անանյանն իր խոսքում ասում է, սա հանրապետական կուսակցության կազմակերպած միջոցառումն է), որ, եթե սեփական հերոսությունն էր, ի՞նչ կապուկախում է ունեցել, եւ` ինչի՞ց: Դահլիճում չի եղել  ոչ մի տեղական ԶԼՄ ներկայացուցիչ, միջոցառումը նախօրոք հայտարարված կամ իրազեկված չի եղել, ուսանողներն ու բուհի աշխատակիցները ընամենը 12:40 րոպեից են սկսել իրազեկվել երեւելիների գալստյան մասին ու ուղարկվել դահլիճ:

Ամենատարօրինակը, արդյո՞ք ռեկտորը մտածում էր, թե 160 հոգու մեջ այնքան խորը հետք էր թողնելու այս քարոզչական միջոցառումը, որ որեւէ մեկը ականատեսներից, մերձավորի հետ կիսվել չէր կամենա մինչեւ ապահով Հայաստանի անվերադարձ գալուստը: Ինչպե՞ս էր հասել այս իմաստնությանը Գուրգեն Խաչատրյանը, չի՞ կիսվում արդյոք իր ուսանողների հետ, այն մասին, թե ինչպես վարունգ աճեցնել ճշմարիտ ուղղությամբ եւ վայելել մանկավարժության բարիքները:

 

Տիգրան Սիմոնյան

Լեւոն Բարսեղյան

www.Asparez.am