11.01.2021 17:39

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Կրեմլում Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ բանակցությունները։

Օրակարգում 2020 թ․ նոյեմբերի 9-ի Հայտարարության իրականացման ընթացքն է, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ հետագա քայլերը, ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակչությանը օգնության տրամադրումը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և զարգացման հարցերը։

Ողջույնի խոսքում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է, որ «լայնածավալ ռազմական գործողությունները, ցավոք սրտի, մարդկային զգալի կորուստների են բերել, սրել են առանց այդ էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրել են ահաբեկչության տարածման ռիսկերը»։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային ուղենիշներին և շարունակում է պարբերաբար Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցնել իր գործողությունները։

ՌԴ ղեկավարի հավաստիացմամբ՝ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն կատարվում են, ինչը «անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում արդարության հիման վրա վաղեմի հակամարտության երկարաժամկետ և լիակատար կարգավորման համար, ինչը բխում է թե՛ հայ և թե՛ ադրբեջանցի ժողովուրդների շահերից»։

Ըստ Պուտինի՝ նոյեմբերի 14-ից Ղարաբաղ է վերադարձել արդեն 48 հազարից ավելի մարդ, Ռուսաստանի միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների և զոհերի մարմինների փոխանակում։ Ռուսաստանից հակամարտության գոտի են տեղափոխվել ավելի քան 800 տոննա շինանյութ,  1,5 միլիոն տոննայից ավելի հումանիտար բեռներ։

Փոխանցում է kremlin.ru-ն։