15.02.2013 12:05

Մահափորձերի պատմությունից. Մամուլ

Մահափորձերի պատմությունից. Մամուլ

«Հայաստանում աղմկահարույց, քաղաքականության հետ այսպես թե այնպես կապ ունեցող հանցագործությունները մշտապես անվստահության և կասկածանքի մթնոլորտ են ստեղծում: Մենք չգիտենք, թե ովքեր են կանգնած «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների հետևում, ոչ ոք չի պատժվել «Մարտի 1-ի» սպանությունների համար՝ չնայած աշխարհիս երեսին չկա մարդ, որը չգիտի, թե ով է կազմակերպել այդ սպանդը: Հայտնի չէ, թե ով է սպանել գնդապետ Վահրամ Խորխոռունուն, փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանին, հարկայինի պետ Շահեն Հովասափյանին, մենք կասկածներ ունենք, որ ճիշտ են գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի և գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության պաշտոնական վարկածները»,- գրում է «Առավոտը» խմբագրականում և շարունակում.

«Հատկապես մահափորձերի նկատմամբ ստեղծվում է այնպիսի մշուշ, որ իրավիճակը դառնում է նույնիսկ փոքր-ինչ զավեշտալի: Օրինակ՝ պաշտոնապես հայտարարվել էր, որ Սմբատ Այվազյանն ուզում է սպանել Արտաշես Գեղամյանին, բայց հետո, հավանաբար, հետ է կանգնել այդ մտքից՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ազգանպաստ ելույթներ է պարոն Գեղամյանը ունեցել ԵԽԽՎ-ում: Նույնքան պաշտոնապես հայտնվում էր, որ ոմն Կծան Միշա պատրաստվում էր սպանել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, իսկ պատվիրատուն նախկին նախարար Էդվարդ Մադաթյանն էր («Խուճուճ Էդոն»): Սակայն հետագայում այդ անձնավորությունը ընկերացավ և բարեկամացավ ներկայիս պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհերի») հետ, հիմա հանգիստ գալիս-գնում է Հայաստան, և այդ մեղադրանքը նրան, կարծես թե, ոչ ոք չի հիշեցնում:

Մոտավորապես նույն պատմությունն է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նախագահի այդ թեկնածուն սկզբում վստահություն հայտնեց, որ ահաբեկչությունն իրականացրել են չեկիստները և ռուսական իմպերիալիզմը, սակայն հետագայում չպնդեց այդ վարկածը: Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վարդան Սեդրակյանը, կարծում է, որ իշխանությունը կասկածում է իրեն՝ չնայած նախաքննության մարմինն այդ կապակցությամբ ձայն չի հանում: Իսկ ինքը՝ էպոսագետը, կասկածում է մասոններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Թե ինչո՞ւ պետք է չեկիստները, իմպերիալիստները, էպոսագետը կամ մասոնները ցանկանային վնաս տալ Պարույր Հայրիկյանին կամ խափանեին ընտրությունների բնականոն ընթացքը՝ ոչ ոք չի կարող ասել: Այս մահափորձի մասին հայտնի է միայն հետևյալը, ահաբեկիչ և թմրամոլ «կաֆելչիկը» (որի զոքանչը, ի դեպ, նույնպես կասկածում է էպոսագետին) Հայրիկյանի վրա մահափորձից հետո եկել էր տուն և ասել կնոջը՝ «Ահա այն նագանը, որից ես կրակել եմ Հայրիկյանի վրա, պահիր այն, խնդրեմ, ձավարեղենի տուփի մեջ, պետք կգա հաջորդ հանցագործությունների համար»: Բայց երբ աչալուրջ չեկիստները (ոչ թե Հայրիկյանի նշած իմպերիալիստական չեկիստները, այլ մերոնք՝ անկախ Հայաստանի ԱԱԾ-ականները) գնացին «կաֆելչիկի» տուն և հարցրեցին՝ «Տիկին, հնարավո՞ր է, որ դուք այստեղ մի նագան ունենաք, և արդոք դա այն նագանը չէ՞, որով մահափորձ էին կատարել նախագահի թեկնածուի դեմ», կինը, բնականաբար, գնաց խոհանոց և ներկայացրեց հանցագործության գործիքը: Այնպես որ՝ ակնհայտ է, որ այդ մահափորձն ամբողջությամբ կբացահայտվի, և հասարակությունը ոչ մի կասկած չի ունենա, որ պաշտոնական վարկածը մեկը մեկին համապատասխանում է իրականությանը»»: