18.01.2021 13:25

Բայդենը խոստացել է կազմել ամենախայտաբղետ կառավարությունը

Բայդենը խոստացել է կազմել ամենախայտաբղետ կառավարությունը

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը խոստացել է հավաքել երկրի պատմության ընթացքում «ամենախայտաբղետ» կառավարությունը, ինչը կդառնա Ամերիկայի դեմքը և արտացոլանքը։

Հասարակության խոր պառակտվածության ֆոնին՝ նա խոստացել է նոր ձևավորվող կառավարությունում հավաքել ամենատարբեր ռասաների, սեռերի և, ինչպես ակնկալվում էր՝ տրամադրությունների տեր մարդկանց։

«Բայդենի թեկնածուները տարբեր են անձնական բնութագրերով, սակայն քաղաքական հայացքներով բավական կենտրոնամետ են տրամադրված։ Շատ չափանիշներով՝ նրա կառավարությունը պատմության մեջ ամենաբազմազանը կլինի, բայց ես կասկածում եմ, որ շատ դեմոկրատներ գաղափարապես ավելի հաստատուն համոզմունքներ ունեցողների կուզենային տեսնել»,-  կարծում է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Բենսելը։

Չորս առանցքային նախարարները՝ պետքարտուղար, ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարներ, Բայդենը նշանակել է հաղթանակից հետո երկու ամսվա ընթացքում։ Բայդենի և առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսի հետ միասին՝ հենց նրանք են ինչպես տանը, այնպես էլ միջազգային ասպարեզում ներկայացնելու երկիրը առաջիկա չորս տարիներին։

Ըստ այդմ, եթե սենատը համաձայնի Բայդենի հետ, ապա պետքարտուղարի պաշտոնը կզբաղեցնի երկարամյա դիվանագետ Թոնի Բլինքենը, ֆինանսների նախարար կդառնա Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավար Ջանեթ Իելենը, գլխավոր դատախազ՝ Մերրիք Հարլենդը։ Միակ ոչ եվրոպական ռասայի ներկայացուցիչը կարող է դառնալ Պենտագոնի ղեկավարը՝ Լլոյդ Օսթինը։

Փոխանցում է ria.ru-ն։