Գերմանիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նավալնիի ձերբակալումը

Գերմանիան, որտեղից երեկ ՌԴ էր ժամանել Ալեքսեյ Նավալնին, միայն հաջորդ օրն է արձագանքել նրա ձերբակալմանը։
Հետախուզման մեջ գտնվող Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել կիրակի օրը և ձերբակալվել է օդանավակայանում։ Նավալնիի խափանման միջոցը որոշելու է դատարանը, բայց մինչ այդ նա կմնա կալանքի տակ։
«Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը բացարձակապես անբացատրելի է։ Նրա գործին անհրաժեշտ է մոտենալ օրենքի գերակայության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության սկզբունքներով, որոնց պետք է հետևի Ռուսաստանը՝ ելնելով սահմանադրությունից և միջազգային պարտավորություններից։ Նա պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ասվում է գերմանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նախորդ օրը Նավալնիին ազատ արձակելու կոչով են հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ և ԱԳՆ ղեկավարներ։ Երկուշաբթի, բացի Գերմանիայից՝ նման կոչով է հանդես եկել նաև Ֆինլանդիան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օտարերկրյա քաղաքական գործիչներին, որոնք հանդես են գալիս Նավալնիի շուրջ իրավիճակի մեկնաբանություններով, խորհուրդ է տվել հարգել միջազգային իրավունքը, ոտնձգություն չկատարել ինքնիշխան պետության ազգային օրենսդրության նկատմամբ և զբաղվել սեփական երկրների խնդիրներով։
Փոխանցում է ria.ru-ն։