18.01.2021 13:48

Լիզա Ճաղարյան. «Դավաճանների» նենգ խրախճանքը

Լիզա Ճաղարյան. «Դավաճանների» նենգ խրախճանքը

Իրո՞ք այդչափ պարզունակ են Նիկոլ Փաշինյանին Վազգեն Մանուկյանով փոխարինելով` Հայաստանի քաղաքացիներիս փրկություն խոստացող հայտնի ուժերը, որ պատերազմում մեր պարտությունը ներկայիս գործող վարչապետի դավաճանությամբ են պայմանավորում։

Իրո՞ք նույնչափ պարզունակ են գործող իշխանությունները, որ պարտության պատճառները փորձում են հիմնավորել մարտադաշտում ինչ–ինչ անձանց դավաճանական գործունեությամբ։

Չբացառելով ոչ մեկը, ոչ էլ մյուսը (ես դատավոր չեմ), այնուամենայնիվ` «դու դավաճան ես – չէ՛, դու ես դավաճան» փոխադարձ մեղադրանքների այս տհաճագույն թամաշան կողքից դիտողներս կարո՞ղ ենք մտածել, որ այս դաժանագույն պարտությունը դավաճանության հետեւանք համարողները շարունակում են տաք պահել պետականակործան «ոչ մի թիզ հող թշնամուն» մտայնությունն ու հանրությանը կրկին փորձում են կերակրել «Բաքվում չայ խմելու» զառանցագին հեռանկարով։

Կարող ենք։ Դե, եթե Նիկոլ Փաշինյանը դավաճան է ու չգիտեմ քանի միլիարդ դոլարով ծախել է Արցախը, կամ հակառակը` իշխանությունը վերազավթելու ցանկությունից կուրացածներն են դիմել ցանկացած ստորության, որ մարտադաշտում մեր բանակը ջախջախվի, ուրեմն.

ա. եթե Նիկոլ Փաշինյանն է դավաճանը, եւ մեր պարտությունը հենց նրա դավաճանության ծանր հետեւանք է, դե` «հայրենասեր 17–ականները» կգան, Ադրբեջանին ու Թուրքիային պատերազմ կհայտարարեն ու կհաղթեն,

բ. Եթե «17–ականներն» են դավաճանը, ուրեմն` Նիկոլ Փաշինյանը սրանց հարցերը կլուծի, նորից աննախադեպ կհզորացնի մեր բանակն ու հուժկու հարված կհասցնի թշնամուն։

Իշխանություններն էլ գիտեն, որ սա ընդամենը «ուղեղային մորմոք» է, «17–ականներն էլ գիտեն, ավելին` գիտեի՛ն միշտ, բայց ինչպես տարիներ շարունակ են խաբել հանրությանը եւ կերակրել սին հույսերով, ոչինչ չի փոխվել` նույնը շարունակում են անել հիմա։

Իսկ ինչո՞ւ են շարունակում խաբել։ Որովհետեւ չխաբել չեն կարող։ Եթե չխաբեն, ստիպված են խոստովանել, որ հինգ հազարից ավելի մատղաշ սերունդ ենք զոհաբերել, Արցախն ենք կորցրել, հակառակորդին հարյուրավոր գերիներ ենք «նվիրել», այժմ էլ փշրված ողնաշարով կանգնած ենք անորոշության հաստաբեստ պատի առջեւ, որովհետեւ 1998 թվականից ի վեր Հայաստանի ճակատագիրը որոշողները թաքցրել են իրականությունը, էժանագին հոխորտանքների տակ հիմնավորապես թաղել են մեր հնարավորությունների սթափ հաշվարկը, խրոխտ պահանջատիրոջ բաժակաճառերով բթացրել են հասարակության զգոնությունը, եւ եթե հիմա բարձրաձայնեն թեկուզ, որ «միամտաբար» սխալվել են, ուրեմն պետք է նաեւ խոստովանեն, որ անելիք չունեն հայաստանյան քաղաքական դաշտում, որովհետեւ քաղաքականությունը հեքիաթների վրա չի կառուցվում, իսկ իրենց առաջարկածը հանրությանը ոչ միայն փուչ հեքիաթ էր, այլեւ այդ հեքիաթը երկնքից ընկած երեք խնձորով չավարտվեց, ավարտվեց ահասարսուռ ողբերգությամբ, եւ այդ խոստովանությունից հետո դաժանորեն խաբված ու կսկիծից կարկամած հանրությունը տեսնելու է այն անհատակ դատարկությունը, որի գոյություն չունեցող «հիմնաքարի» վրա սրանք քսան տարուց ավելի պետություն են «կառուցել»։   

Եվ ահա՛ փոխադարձ համաձայնությամբ ընտրվել է պատասխանատվությունից խուսափելու ամենակարճ ու ամենադյուրին ճանապարհը` միմյանց հայրենիքի դավաճանության մեղադրանքներ ներկայացնել եւ հոխորտալ պատերազմի «երրորդ փուլի» մասին։

Երկու կողմին էլ ձեռնտու տարբերակ է։

Էժանագին ներկայացումը շարունակվում է։