19.01.2021 09:00

Մարտի 1-ի գործը փակելու խղճալի ու անբարոյական փորձ

Մարտի 1-ի գործը փակելու խղճալի ու անբարոյական փորձ

Վերջին ամիսներին տեղի ունեցած աղետալի իրադարձությունները, բնականաբար, ետին պլան մղեցին 2008 թվականից հայաստանյան հասարակության համար առաջնային՝ Մարտի 1-ի խնդիրը։ Օգտվելով այս հանգամանքից, փորձ է արվում այն ընդհանրապես հանել հայաստանյան ներքաղաքական կյանքի օրակարգից։ Բնականաբար՝ փաստերի խեղաթյուրման միջոցով։ Այս պայմաններում նման փորձն, ինքնին, վկայություն է երկու բանի. առաջին՝ որ դրա հեղինակները հեռու են տարրական բարոյականությունից, երկրորդ՝ նրանք լուրջ մտավախություն ունեն դատավարության շարունակման դեպքում սպասվող փաստարկված դատավճռից։   

Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի մարտավարության գլխավոր թեզն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը հարկադրված էր ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու, քանի որ Երկրապահ կամավորականների միությունը մտադրվել էր պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Վերապատմելով Մարտի 1-ի դատավարության պաշտպանական կողմի փաստարկները` որպես դրանց լրացուցիչ հիմնավորում, «Իմ ձայնը» նախագծի անունից ոմն Արման Պետրոսյան գրել է հետևյալը.

«13.02.2008 թ. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նամակում նշում է, որ տեղեկություն ունեն, ըստ որի` ԵԿՄ-ն աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրը ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Նա նշում է, որ դեսպանատան աշխատակիցներից մեկը Լ. Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկի հետ զրույցի ժամանակ իմացել է, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին»:

Սա ներկայացվում է որպես ամենալուրջ հիմքը, որն «ստիպել է» Ռ. Քոչարյանին 2008 թ. մարտի 1-ին դիմելու նախ՝ Ազատության հրապարակում  խաղաղ ցույցը վայրենաբար ցրելու, ապա` նույն օրը երեկոյան Մյասնիկյանի արձանի մոտ ցուցարարների նկատմամբ մահացու բռնի ուժ կիրառելու։

Արդ, կուզեինք հասկանալ.

  1. Ի՞նչ քրեական հանցակազմ կար ԵԿՄ-ի այս մտադրության մեջ: ԵԿՄ-ն, որպես հասարակական կազմակերպություն, իրավունք ուներ աջակցելու ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող ցանկացած թեկնածուի: Ինչպես դա արել է 1998 թվականին` բացեիբաց և անմնացորդ աջակցելով նույն Ռոբերտ Քոչարյանին, իսկ 1999 թվականին՝ նույնքան փութաջանորեն ապահովելով Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի հաղթանակը: Հարց է առաջանում. Ինչո՞ւ այդ քայլն օրինական էր, ողջունելի էր և բնական նշված դեպքերում, իսկ որևէ այլ թեկնածուի աջակցելու պարագայում՝ դատապարտելի:
  2. Ի՞նչ տարօրինակ բան կա նրանում, որ հասարակական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել «Հայաստանով մեկ հետևել քվեարկության գործընթացին»։ Չէ՞ որ ցանկացած հասարակական կազմակերպություն կարող է նման հայտ ներկայացնել եւ դրանով օժանդակել ընտրությունների օրինական անցկացմանը։ Վերոհիշյալ՝ 1998 եւ 1999 թվականների ընտրություններում երկրապահների վճռական դերակատարումը պայմանավորված է եղել նրանց զինված լինելու հանգամանքո՞վ։
  3. Ռ. Քոչարանն իր հուշերում («Կյանք եւ ազատություն») Երկրապահի նկատմամբ փետրվարի 23-ին գործադրած ճնշումները (երբ Մանվել Գրիգորյանին հեռացրեց ՊՆ փոխնախարարի պաշտոնից) բացատրել է այն հանգամանքով, թե, իբր, Երկրապահը «կիսառազմականացված» կառույց էր։ Հայտնի է, որ ՀՀ Սահմանադրությամբ (էլ չասենք՝ ցանկացած պետության տրամաբանությամբ) ռազմական կառույցներ կարող է ունենալ միայն պետությունը։ Ինչո՞ւ էր Ռ. Քոչարյանը թույլ տվել, որ սովորական հասարակական կազմակերպությունը (որ ստեղծվել էր պատերազմի մասնակից իր անդամների սոցիալական ու այլ կարիքները հոգալու եւ նման այլ նպատակներով) վերածվի ռազմականացված կառույցի։

Երեք հարցադրումն էլ, ինչպես տեսնում եք, հռետորական են՝ ակնհայտ են դրանց պատասխանները։

Նույնքան ակնհայտ է նաեւ նման՝ փաստերի եւ իրողությունների խեղաթյուրման միջոցով, իրերի աղետալի բերմամբ այս պահին երկրորդ պլան մղված, սակայն կարեւորագույն ներքաղաքական հարցը «փակելու» փորձերի խեղճությունը։

Աշոտ Սարգսյան