19.01.2021 10:56

Համաճարակաբանական իրավիճակն աշխարհում

Աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են բնակչության պատվաստումները կորոնավիրուսի դեմ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ պատվաստանյութերի անհավասար բաշխումը հարուստ և աղքատ երկրների միջև չափազանց վտանգավոր է։

ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ Եվրոպայից և այլ երկրներից Միացյալ Նահանգներ մուտքի սահմանափակումը։ Թրամփն այդ հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նոր նախագահի պաշտոնակալությունից երկու օր առաջ։ Այդ միջոցառումը պետք է ուժի մեջ մտներ հունվարի 26-ից, սակայն ընտրված նախագահի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտնել է, որ նոր վարչակազմը մտադիր չէ վերացնել սահմանափակումները։

Ճապոնիայում աճել է ինքնասպանությունների թիվը։ Հետազոտողները ինքնասպանությունների 16 տոկոսանոց աճը կապում են կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի և համապատասխան սահմանափակումների հետ։ Պարզվում է, որ հատկապես խոցելի են կանայք և պատանիները։ «Համավարակը, ի տարբերություն սովորական հանգամանքների, տարբեր չափով է ազդում երեխաների, պատանիների և կանանց (հատկապես՝ տնային տնտեսուհիների) հոգեբանական վիճակի վրա»,- նշվում է Տոկիոյի Գերոնտոլոգիայի (Ծերացման) քաղաքային ինստիտուտի սոցիոլոգների զեկույցում։

Ընդ որում, ինչպես նշում են սոցիոլոգները, համավարակի առաջին ալիքի ժամանակ ինքնասպանությունները նվազել էին 14 տոկոսով։

Բրազիլիայում մեկնարկել է զանգվածային պատվաստումը այն բանից հետո, երբ մասնագետների հավանությունն են ստացել երկու պատվաստանյութեր՝ AstraZeneca -ի և Օքսֆորդի համալսարանի մշակած պրեպարատը և չինական SinoVac ընկերության մշակած CoronaVac-ը։ Բրազիլիան Հարավային Ամերիկայի՝ կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է, այն վարակից գրանցված մահերի թվով (210 հազար)  աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին։

Փոխանցում է BBC-ն։