19.01.2021 13:29

Խառնաշփոթ և իրարանցում Սպիտակ տանը

Այս չորեքշաբթի Ջո և Ջիլ Բայդենները կտեղափոխվեն Սպիտակ տուն։

Նոր նախագահի երդմնակալության օրը հավաքարարների մի ամբողջ թիմ կմաքրի Դոնալդ Թրամփի և նրա թիմի հետքերն ինչպես նստավայրի աշխատանքային, այնպես էլ բնակելի թևերում։ Իրենց տեղում կմնան միայն պետությանը պատկանող իրերը՝ կահույք, ճենապակի, կտավներ։

Սովորաբար՝ Սպիտակ տան նոր տանտիրոջ այցի նախապատրաստության գործընթացն սկսվում է ընտրություններից անմիջապես հետո, սակայն այս անգամ իրարանցումը շատ ավելի ուշ է սկսվել, քանի որ Թրամփը երկար ժամանակ հրաժարվում էր ընդունել իր պարտությունը։

Մինչ այդ հեռացող առաջին տիկին Մելանյա Թրամփն ազգին է դիմել հրաժեշտի ուղերձով։ Twitter-ում տեղադրված տեսգրության մեջ նա ասում է, որ վերջին չորս տարիներն անմոռանալի էին, իսկ իր աշխատանքն անվանել էր «իր կյանքի ամենամեծ պատիվը»։ Նա ամերիկացիներին կոչ է արել երբեք չդիմել բռնությունների, որոնց միջոցով ոչինչ չի լուծվում, և որոնք ոչ մի արդարացում չունեն։

Սակայն Մելանյան որոշել է չհետևել Սպիտակ տան բնակելի հատվածը նոր առաջին տիկնոջը փոխանցելու ավանդույթին։ Սովորաբար՝ հեռացող առաջին տիկինը իր հաջորդին պուրակում և բնակելի թևում զբոսնելու հրավեր է ուղարկում, որից հետո նրանք միասին թեյ են խմում։

Մելանյայի ամուսինը՝ Դոնալդ Թրամփը, նույնպես մտադիր է խախտել 150-ամյա ավանդույթը՝ չներկայանալով Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։

Փոխանցում է BBC-ն։